Խոշոր չափի չարաշահումներ. մեղադրանք է առաջադրվել Շամլուղ համայնքի համայնքապետին
ՀՀ ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007 թվականին ընկերոջը որպես վարորդ, իսկ 2012 թվականին նաև եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում:
Նրանք, սակայն, մինչև 2017 թ. հոկտեմբերը փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այդ հանգամանքը թաքցնելու և նրանց ընտանիքներին լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահագրգռությունից ելնելով՝ համայնքի ղեկավարը կազմել է բովանդակությամբ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ ընկերոջ դեպքում 2007-2017 թթ., իսկ եղբոր պարագայում՝ 2012-2017 թթ. ժամանակահատվածներում նրանց աշխատանքի հաճախելու և աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում որպես վարորդ ձևակերպված անձի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած տարիներին աշխատավարձի տեսքով անհիմն դուրս են գրվել շուրջ 8.7 մլն, իսկ որպես ջրագծի հսկիչ ձևակերպված եղբոր անունով՝ ավելի քան 6.5 մլն ՀՀ դրամ գումարներ, որոնք փաստացի վատնման եղանակով հափշտակվել են համայնքի բյուջեից:
«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2019 թ. փետրվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումի հիման վրա 2019 թ. մայիսի 30-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Շամլուղ համայնքի նախկին ղեկավար Լ. Բ.-ի նկատմամբ որոշում է կայացվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Որպես կասկածյալ հարցաքննվելիս Լ.Բ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:
2019 թվականի հունիսի 6-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Հետագա նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի հուլիսի 18-ին փաստական հանգամանքների փոփոխմամբ որոշումներ են կայացվել Լ. Բ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Առաջադրված մեղադրանքում Լ. Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և վերականգնել է համայնքին պատճառած ընդհանուր՝ 15.231.651 ՀՀ դրամ վնասը»,- նշված է հաղորդագրության մեջ:
2019 թվականի հուլիսի 18-ին Լոռու մարզի Շամլուղ համայնքի աշխատակազմի նախկին քարտուղար Ս. Բ.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մասով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման մասին ՀՀ օրենքի ընդունման հիմքով:
2019 թվականի հուլիսի 25-ին Լ. Բ.-ին դատի տալու միջնորդությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի դատախազությունում ստացվել է թիվ 55 151 619 քրեական գործը:
2019 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, իսկ քրեական գործը ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։