Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը

ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:

Ըստ e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքի, նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:

«Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում  ներառելու: Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարաձգվում է արձակուրդի տևողության չափով:

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»։ 

 

Դրանք են․

 

  1. կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ.
  2.  
  3. կրեդիտառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ.
  4.  
  5. կրեդիտառուն անընդմեջ 2 ամիս և ավել ժամկետով գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում.
  6.  
  7. սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի միջին ամսական եկամուտը նվազել է ավելի քան 30 տոկոսով (պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր կրեդիտառուների միջին ամսական համախառն եկամուտը): Ընդ որում,  դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող 6 ամիսների համար կրեդիտի մարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների միջին ամսական չափը գերազանցում է դիմում ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի (կրեդիտառուների) միջին ամսական եկամտի 50 տոկոսը.
  8.  
  9. կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվանից ավելացել է կրեդիտառուի խնամակալության տակ գտնվող անձանց քանակը, միաժամանակ, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի միջին ամսական եկամուտը (պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր կրեդիտառուների միջին ամսական համախառն եկամուտը) նվազել է ավելի քան 20 տոկոսով, իսկ դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող 6 ամիսների համար կրեդիտի մարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների միջին ամսական չափը գերազանցում է դիմում ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի (կրեդիտառուների) միջին ամսական եկամտի 40 տոկոսը:
  10.  

Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով։

 

Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տևողության չափով։

Հիմնավորման համաձայն՝ կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում:

 

Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ:

 

Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ:

 

Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգտվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով:

 

Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս:

 

2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև Ռուսաստանում: Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:

 

Նախագծով առաջարկվում է նաև «հիպոտեկ» հասկացությունը փոխարինել «հիփոթեք» հասկացությամբ, ինչը թույլ կտա ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կիրառվող հասկացությունների միասնականությունը:


 

Քաղաքականություն