Զոհված զինվորի ընտանիքը 5 միլիոն դրամ չի ստացել. ՊՆ-ն պարզաբանում է. Armtimes.com
Սաթենիկ Սարգսյանի ընտանիքը, որը 2010 թվականից ընդգրկված է եղել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, մինչեւ օրս չստանալով ոչինչ, հերթից դուրս է մնացել: Ընտանիքը դիմել է ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի պարզաբանում ստանա, գրում է Armtimes.com-ը:
Բնակարանային հերթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով ՊՆ դիմած ընտանիքին որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էին, որ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է, որի արդյունքում ՀՀ ՊՆ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2013 թվականի նիստի որոշմամբ՝ 1 սենյականոց բնակարան գնելու համար Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին է հատկացվել 4 միլիոն 920 հազար դրամ ֆինանսական աջակցություն:
«Հայակական ժամանակ»-ի հոդվածից հետո ՀՀ ՊՆ-ն արձագանքել էր խնդրին եւ Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին գրությամբ տեղեկացրել, որ իրենց կողմից տրված պատասխաններում վրիպակ է տեղի ունեցել:
Սաթենիկ Սարգսյանի որդիներից մեկը՝ Պարգեւ Կարապետյանը, զոհվել է 2009 թվականին՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ մյուսը՝ Ահարոն Կարապետյանը, զինհաշմանդամ է, 2006 թվականին զինվորական ծառայության ընթացքում ականի պայթյունից կորցրել է աջ ոտնաթաթը: Ընտանիքի անդամները տարիներ շարունակ դիմել են ե՛ւ Երեւանի քաղաքապետարան եւ՛ Պաշտպանության նախարարություն, սակայն բնակարանային որեւէ աջակցություն չեն ստացել:
Այսօր ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով եւ Երեւանի քաղաքապետարանի 2017 թվականի դեկտեմբերի 21-ի գրություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված շահառուների անվանացուցակներում Սաթենիկ Սարգսյանի ընտանիքն ընդգրկված չէ:
ՊՆ-ից հայտնում են, որ զոհված Պարգեւ Կարապետյանի ընտանիքը չի կարող դիտարկվել որպես ՀՀ ՊՆ համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի շահառու: Սաթենիկ Սարգսյանի մյուս որդին՝ զինհաշմանդամ Ահարոն Կարապետյանը, նույնպես հաշվառված չէ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՆ ուղարկած բնակարանի կարիքավորների հերթացուցակում:
Լրատվամիջոցի հետ զրույցում Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ տարիներ շարունակ տարբեր պատճառներով Երեւանի քաղաքապետարանը ձգձգել է իր մյուս որդու՝ Ահարոնի՝ հերթացուցակում ընդգրկելու գործընթացը: Քաղաքացի Սարգսյանը ի սկզբանե ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ համապատասխան փաթեթ կազմելու համար, իսկ այսօր, երբ գնացել են այդ փաթեթը վերցնելու, պարզվել է՝ այնտեղ գրեթե ոչ մի փաստաթուղթ չկա: «Փաթեթի կրկնօրինակն ենք պահանջել, որտեղ առկա էին բոլոր փաստաթղթերը, իսկ մեզ ուղարկել են միայն դիմումն ու անձնագրի պատճեն: Փաթեթում եղած հաշվառված անձանց մասին տեղեկանքը բացակայում էր, երբ ասացի, որ Վահան Խաչատրյանի մոտ անձամբ ենք տեսել այդ տեղեկանքը, մեզ ասացին՝ ինքն է ձեզ ցույց տվել, իրենից էլ պահանջեք»,-ասաց նա:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: