Գնդապետը հուզվեց՝ նույնիսկ պատերազմի ժամանակ նման կորուստ չի ունեցել. hraparak.am

Այսօր Գորիս-Արցախ ավտոճանապարհին, Շուշիի մոտակայքում Վազ 3110 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, որի հետևանքով 5 հոգի զոհվել է: Հինգն էլ մի ընտանիքից։ Ընտանիքը Գորիսի շրջանի Տեղ գյուղից էր։ Ավագյանների ընտանիքը։ Hraparak.am-ի հետ զրույցում Տեղ գյուղի կամավորական ջոկատի լեգենդար հրամանատար, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ,  գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը (Մելոն) պատմել է. 

 

 

«-Համեստ, քրտինքով ապրող հալալ ընտանիք է։ Հայրը շինարար՝ Ավագյան Անդրանիկը, Անդո էինք ասում։ Եղբայրը՝ Օնիկը,  Արցախյան պատերազմի ժամանակ իմ ջոկատի քաջ զինվորներից էր։ Երեք տղա ուներ։ Երեքն էլ ամուսնացած, մի շեն ընտանիք։ Անդոն կնոջ ու երկու տղաների հետ թաղման էին գնում։ Փոքր տղայի կինը Հադրութից էր, քեռին մահացել էր, ընտանիքով գնում էին արարողության։ Փոքր տղայի կինը առաջնեկով հղի էր։

Գնդապետը պատմելուց հուզվում, ձայնը խզվում է․

 

-Տեղ գյուղը նույնիսկ պատերազմի ժամանակ նման կորուստ չի ունեցել՝ մի ընտանիքից հինգ զոհ։ Երբ գնդակոծություն էր լինում, ասում էինք, որ մի ընտանիքը թող նույն ապաստարանում չմնա, տարբեր ապաստարաններում մնան, բան է թե․․․ Պատերազմի ժամանակ տարիներ շարունակ ջանացել ենք, որ մի ընտանիք նման կորուստ չունենա։

 

Լեգենդար հրամանատար Մելոյի ձայնը խզվում է»։