Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը չի վճարում բեռնափոխադրումների գումարները. Hetq.am
Խաչատուր Թորոսյանը զբաղվում է բեռնափոխադրումներով, որն իրականացնում է «Եղիա Թորոսյան» ԱՁ-ի միջոցով: Տարվա սկզբին պայմանագիր է կնքել «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի հետ, որպեսզի իրենց ավտոմեքենաներով ՍՊԸ-ն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի ոգելից խմիչքները տեղափոխի Ռուսաստանի Դաշնություն, գրում է Hetq.am-ը:
Խաչատուր Թորոսյանի խոսքով` «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրել է 4 բեռնատար ավտոմեքենա, սակայն պարտավորությունները չկատարելու պատճառով «Եղիա Թորոսյան» ԱՁ-ին ՍՊԸ-ն պարտք է 16 մլն 427 հազար դրամ: «Բազմիցս դիմել եմ «Դաֆ Ալկո Տրանս»-ի տնօրենին, ինքն էլ ասում ա, որ գործարանը բեռնափոխադրման գումարը չի փոխանցել, որ ես ձեզ տամ: Ու հիմա չգիտեմ, թե ինչ պետք է արվի»,-ասում է Խաչատուր Թորոսյանը:
«Ֆրեշ Տրանս» ընկերության տնօրեն Արթուր Միրզոյանը ևս պարտատեր է: Նա զանգել էր «Հետքի» խմբագրություն նույն բողոքով: Ասում է, որ ավտոմեքենաները «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին վարձակալության տալիս մեքենաների անվադողերը նույնիսկ պարտքով են գնել՝ հույս ունենալով, որ վճարման դեպքում պարտքերը կմարեն: Այժմ էլ վարորդներն են պահանջում իրենց աշխատավարձը, սակայն չեն կարողանում վճարել:
Արթուր Միրզոյանի խոսքով՝ բեռնափոխադրում իրականացնելու պայմանագիր են կնքել «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի հետ: 4-5 բեռնատարով ալկոհոլ են արտահանել Ռուսաստանի Դաշնություն: «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն «Ֆրեշ Տրանս»-ին պարտք է 4 մլն 166 հազար դրամ:
«Դիմում ենք «Դաֆ Ալկո Տրանս»-ին, իրանք էլ ասում են «Նոյ» գործարանը մեր փողերը չի տվել, որ մենք էլ տանք: Մենք էլ մնացել ենք երկու քարի արանքում՝ ոչ կարող ենք ընկերությանը պարտադրենք, որովհետև ասում ա՝ փող չունեմ, որ տամ, ոչ էլ կարող ենք վարորդներին ասել՝ աշխատավարձ մի ուզեք»,-ասում է Արթուր Միրզոյանը:
Մի քանի ընկերությունների տնօրեններ էլ, որոնց պարտք է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն, ասացին, որ եթե կարճ ժամանակահատվածում հարցը չլուծվի, բեռնատարներով բողոքի ակցիա են իրականացնելու կառավարության շենքի դիմաց:
Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Գրիգորյանին: Վերջինս ասաց, որ չի հրաժարվում իր պարտավորությունների կատարումից, սակայն այժմ ֆինանսական ծանր վիճակում է: Հայկ Գրիգորյանը պատմեց, որ զբաղվում են բեռնափոխադրումով: Երկար տարիներ աշխատել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի հետ: Ռուսաստանի Դաշնություն է փոխադրել գործարանի արտադրանքը և այնտեղից Հայաստան բերել դատարկ շշերը: Շաբաթվա կտրվածքով կատարել են մինչև 30 բեռնափոխադրում:
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:
«Իմ մեքենաները չէին բավականացնում: 25 ընկերություններից վարձակալել եմ մեքենաներ, իրենց մեքենաներով էլ եմ աշխատել: Հիմա ինձ գործարանն այդ գումարը չի վճարում, ես էլ չեմ կարողանում իմ պարտավորությունները կատարել: Հիմա համ ես եմ սնանկության գնում, համ էլ մի քանի ընկերություններ, որոնցից ավտոմեքենաներ եմ վարձակալել»,-ասում է Հայկ Գևորգյանը՝ հավելելով, որ 25 ընկերություններին ունեցած իր պարտքը կազմում է մոտ 84 մլն դրամ:
Հայկ Գրիգորյանը պարզաբանեց, որ իր հետ փոխկապակցված երկու ընկերություններին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ունեցած պարտքը կազմում է մոտ 124 մլն դրամ, որից 121 մլն դրամը՝ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին, մոտ 3 մլն դրամ էլ` «Մակաս» ՍՊԸ-ին: Գրիգորյանը նշեց, որ ունի նաև ռուսական ընկերություն՝ «Շարկ Ալկո Տրանս», որին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը պարտք է մոտ 390 հազար ռուսական ռուբլի:
«Իմ փաստաբանը դիմել է ընկերությանը՝ խնդրելով 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարել վճարումները, սակայն ոչ մի պատճառաբանություն չի ներկայացվել, թե ինչու չեն վճարում գումարները: Մենք նորմալ մեր պարտականությունը կատարել ենք, իրենք էլ բոլոր հաշիվ-ապրանքագրերը ստորագրել են, ոչ մի խնդիր չի առաջացել, ուղղակի չեն վճարում ու վերջ»,-ասում է Հայկ Գրիգորյանը:
Պարտատեր 25 ընկերություններից որոշները ցանկություն ունեն գումարի բռնագանձման հայց ներկայացնել «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի դեմ: Այդ հարցով ընկերությունների տնօրեններն արդեն դիմել են «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին, սակայն վերջինիս տնօրենը խնդրել է մի քիչ էլ համբերել: Փոխարենը «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումներ են ներկայացրել «Դաֆ Ալկո Տրանս» և «Մակաս» ՍՊԸ-ները:
««Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն արդեն սնանկության եզրին է, որովհետև չենք կարողանում մեր պարտականությունները կատարել պետության և նշածս 25 ընկերությունների նկատմամբ»,-ասում է Հայկ Գրիգորյանը:
«Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի միջև 2019թ. հունվարի 8-ին կնքվել է «Բեռի փոխադրման մասին» պայմանագիր, համաձայն որի` «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն որպես փոխադրող պարտավորվել է գործարանի կողմից իրեն վստահված բեռները հասցնել պատվիրված վայրերը և հանձնել բեռները ստացողին: Բեռի փոխադրման գինը սահմանվել է ըստ հաշիվ-ապրանքագրերի: Կողմերը սահմանել են վճարման կարգ, համաձայն որի` գործարանը բեռնափոխադրող ընկերությանը վճարում է 60% կանխավճար՝ մեքենան կապարակնքելուց անմիջապես հետո, իսկ գումարի մնացած 40%-ը` բեռը փոխադրման վայր հասցնելուց և մաքսային զննումից հետո:
29.03.2019 թվականին դուրս գրված ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման հաշիվ վավերագրերի համաձայն՝ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն կատարել է շշերի փոխադրում Ռուսաաստանի Դաշնության Ռոսլավլ քաղաք և շշերի ու խցանների փոխադրում Մոսկվա և Գուս Խրուստալնի քաղաքներ, սակայն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն մինչ օրս բեռնափոխադրման պայմանագրով սահմանված գումարները չի վճարել:
Դեռևս ապրիլի 17-ին «Դաֆ Ալկո Տրանս»-ի ներկայացուցիչը գրավոր դիմել է գործարանի տնօրինությանը՝ պայմանագրով նախատեսված գումարը վճարելու մասին պահանջով, սակայն որևէ պատասխան չի ստացել:
«Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն գումարի բռնագանձման պահանջով ընդդեմ գինու-օղու կոմբինատի դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նույն պայմաններով և նույն քաղաքներ բեռնափոխադրում իրականացնելու պայմանագիր հունվարի 8-ին կնքվել է նաև «Մակաս» ՍՊԸ-ի և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի միջև: Մինչ օրս բեռնափոխադրման պայմանագրով սահմանված գումարները չեն վճարվել: «Մակաս»-ի ներկայացուցիչը դարձյալ գրավոր դիմել է գործարանի տնօրինությանը՝ պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պահանջով, սակայն մնացել է անպատասխան:
«Մակաս» ՍՊԸ-ն գումարի բռնագանձման պահանջով հունիս ամսին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»: Գործավար ներկայացած Լենա անունով աշխատակիցը, լսելով հարցը, որոշ ժամանակ անց զանգահարեց և փոխանցեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի խոսքը. «Դա զրպարտանք է, տվյալ սուբյեկտը դիմել է դատարան և դատարանի միջոցով ամեն ինչ կպարզվի, կտեսնենք, որ դա զրպարտանք է: Այդքան բան»:
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...