Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Երեւանում, հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված տան մոտ փողոցով անկանոն երթեւեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի եւ մեկ այլ քաղաքացու միջեւ, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։

 

Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր մի քանի ընկերների հետ վերադարձել է Մ․ Գասպարյանի տան մոտ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո իր ընկերների հետ հեռացել են։

 

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նշված անձին, այնպես էլ նրա հետ եկած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբելերու ուղղությամբ։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները գիտեն՝ ով է այդ անձը։ Իսկ Մ․ Գասպարյանը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի որդին է։

Պատահարներ