ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենակարևոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճանաչված նախկին ֆուտբոլիստ Նունու Գոմեշը եղբոր՝ Տիագոյի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ: Այսօր՝ հուլիսի 17-ին,նա ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհեց, այնուհետեւ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Եվրո 2020-ի եւ Պորտուգալիայի առաջնության դեսպանը Հայաստանում է՝ ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի հրավերով: Ժամանել է երեկ, մեկնելու է վաղը: Այս ընթացքում ունեցել է նաեւ գործնական հանդիպում: Պատրաստվում է գնալ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության A խմբի Պորտուգալիա-Իսպանիա եւ Հայաստան-Իտալիա խաղերին, գրում է Armtimes.com-ը:
- Ո՞րն է Հայաստան գալու նպատակը: Ի՞նչ եք անելու այստեղ:
- Նախեւառաջ շնորհակալ եմ ընդունելության համար: Ինձ համար մեծ հաճույք է ձեր երկիր այցելելն ու այստեղ՝ Երեւանում, լինելը: Հիմնական նպատակն էր ընկերոջս հանդիպելը (խմբ. ցույց է տալիս Խորեն Քալաշյանին), նաեւ հադիպել Feed Construct ընկերության մյուս ընկերներիս հետ: Հանդիպումներ ունենալ այդ եւ պորտուգալական կազմակերպությունների միջեւ հետագա հնարավոր համագործակցության համար: Իհարկե քանի որ մենք այստեղ ենք եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունն էլ ընթացքի մեջ է, նաեւ ինչ-որ խաղերի կգնամ՝ լավ ֆուտբոլ նայելու:
- Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչեւ այցելելը:
- Առաջին անգամը չէ, որ այստեղ եմ: Այստեղ եղել եմ նաեւ նախկինում պարզապես միայն ֆուտբոլ խաղալու նպատակով: Ազգային հավաքականի կազմում եմ եկել, եթե չեմ սխալվում 2007 թ.: Այդքան էլ շատ բան չգիտեմ Հայասատնի մասին, քանի որ աշխարհագրությունից թույլ եմ (խմբ. ծիծաղում է), բայց միշտ էլ հաճելի է այստեղ լինել, քանի որ մարդիկ շատ բարեհամբույր են, բարի եւ հյուրասեր: Եվ կարծում եմ, որ ինչ-որ առումով մեր մշակույթները նման են, մարդիկ էլ նման են: Ժամանմանս օրվանից տեսել եմ հյուրասիրությունը: Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում, եւ պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ում միջոցով այստեղ եմ, քանի որ վայելում եմ այստեղ գտնվելը: Տեսնում եմ, որ երկիրն առաջ է գնում: Տեսնում եմ կառավարության աշխատանքը սպորտի ուղղությամբ, խոսում եմ սպորտի մասին, քանի որ դա ինձ համար ամենակարեւորն է: Ֆուտբոլն առաջ է գնում, դուք երիտասարդ տաղանդավոր խաղացողներ ունեք: Կարծում եմ՝ շատ կարեւոր է երիտասարդների աճի վրա աշխատելը, քանի որ այդպես հետագայում ավելի ուժեղ ազգային հավաքականներ կունենաք:
- Ուրիշ ի՞նչ տեսարժան վայրեր եք այցելելու:
- Կարծում եմ՝ ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է: Ամենախորհրդանշականն է: Եվ ես ուրախ եմ, որ այստեղ եմ եւ կարող եմ ողջ քաղաքը տեսնել այստեղից: Իհարկե ինձ համար շատ խորհրդանշական է այստեղ լինելը: Այսօր քաղաք կգնամ եւ ֆուտբոլային հանդիպումների կհաճախեմ, 2 խաղ կա, նախ Պորտուգալիան է խաղում, հետո Հայաստանը:
- Այցելել եք Ծիծեռնակաբերդ, արդյո՞ք ինչ-որ բան գիտեք հայերի ցեղասպանության մասին:
- Կարծում եմ՝ շատ կարեւոր է հարգել երկրների արժեքները: Եվ եթե կա այս հուշահամալիրը, կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ մարդիկ գան ու միշտ հիշեն, թե ինչ է կատարվել նախկինում: Անձամբ ինձ համար սա զոհերին ու երկրին իմ հարգանքը ցույց տալ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։