ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապուտակ Սևանը կանաչ գույն ստանալուց զատ տոքսիկ նյութեր է պարունակում. ի՞նչ վտանգներ կան. Armlur.am

Արդեն մի քանի ամիս է` մասնագետներն ահազանգում են` Սեւանա լիճը կանաչում է: Երեկ անգամ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը կոչ արեց շատ շտապ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` փորձագետների, ՀԿ-ների մասնակցությամբ, գրում է Armlur.am-ը: 

 

Նմանատիպ հանձնաժողովը, մասնագետը հիշեց, որ գործել է 2008-ից մինչեւ 2012 թվականը, որն էլ բավականին օգուտ է տվել լճին: Բացի այս, մասնագետն առաջարկեց քննարկել եւ որոշել, թե ինչպես վարվել արդեն եղած ջրիմուռների հետ: «Պետք է ազգովի հասկանանք, որ լիճը օրհասական վիճակում է: Իսկ իմ խորին համոզմամբ` Աստված մի արասցե, եթե լճի փոխարեն մենք ճահիճ ունեցանք, իսկ դա ճահճացման դրսեւորում է, մենք ուղղակի Հայաստանն ենք կորցնում»,- ցավով նկատեց Կ. Դանիելյանը: 

 

Իսկ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ պնդեց, որ լճի ծաղկումը պայմանավորված է 3 հիմնական գործոններով. առաջինը` կենսածին տարրերի առատությունն է, որ գետերի միջոցով ողջ քաղաքների կոյուղաջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: 

 

«Երկրոդը` կլիմայական գործոնն է. ամբողջ աշխարհը խոսում է ջերմաստիճանի բարձրացման փաստի մասին, եւ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբեք լճի ջրի ջերմաստիճանն այդքան բարձր չի եղել, որքան այս վերջին 2 տարիներին: Բնականաբար, այդ որոշիչ գործոնը դարձավ լճի ծաղկման պատճառ: Եւ, իհարկե, լճի մակարդակի տատանումները»,- ներկայացրեց Էվելինա Ղուկասյանը: Իսկ, ահա, ԳԱԱ հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ֆիտոպլանկտոնի մասնագետ Լուսինե Համբարյանը փոխանցեց, որ իրենց կողմից վերցրած նմուշները տրվել են ջրի մանրակրկիտ մոլեկուլյար հետազոտման, եւ բացահայտվել է, որ նրանց մեջ կուտակված կան տոքսիններ կամ թունավոր նյութեր, որոնք, ըստ գրականության, համարվում են շատ կայուն միացություններ: 

 

Մանրամասներըՙ տեսանյութում: