Երթեւեկության արագության սահմանափակման առաջարկի առաջացրած «ղժժիկներն» ու «բոցերը» շատ խնդալու են. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան գրել է. «Երթեւեկության արագության սահմանափակման առաջարկի առաջացրած «ղժժիկներն» ու «բոցերը» իսկապես շատ խնդալու են: Հատկապես, երբ հիշում ես, որ հայ տղերքն ու աղջիկները Հայաստանի ճանապարհներին երեք անգամ ավելի շատ զտարյուն հայ խաղաղ բնակչություն են սպանում, քան շուն թուրքը՝ սահմանին:
2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ:
Ցանկացած թեմա ծաղրելով իմաստազրկելու հին ֆեյսբուքահայկական ավանդույթը բավական տխուր մտորումների տեղիք է տալիս այս պարագայում, որտեղ խոսքը, փաստացի, մարդկանց կյանքեր փրկելու մասին է:
Ոլորտի միջազգային մասնագետներն ու կառույցները հստակ վիճակագրություն ունեն՝ 60 կմ/ժ-ի համեմատ 50կմ/ժ-ի դեպքում, առավելեւս, 40 կամ 30-կմ/ժ-ի դեպքում մահացու ելքով ավտովթարների թիվը խիստ նկատելիորեն նվազում է: Այս վիճակագրությունը փորձով ու հաշվարկներով հիմնավորված է, ինչպես ասում են, էս թվերը պատ են ծակում:
Ու թվում է, թե, միայն այս մի՝ մարդկանց կյանքերը փրկելու փաստարկը պետք է հերիք լիներ, որ առաջարկը գոնե հանգիստ տոների մեջ քննարկելու դաշտ բացվեր: Բայց չէ՝ մեր ազնիվ ցեղի եղբայրներն ու քույրերը առիթ են գտել բոցվելու, մատնանշելու քաղաքի այլ խնդիրները («պարապ ե՞ք մնացե, արա՛», «սաղ երգերը երգինք, մնաց սարի սմբուլը», «զիբիլի (տրանսպորտի/վերելակի/կանաչապատման/ասֆալտապատման/Ղարաբաղի/օզոնի շերտի/նորից զիբիլի) հարցը լուծեք, հետո նոր արագությունը սահմանափակեք, արա՛, վադ ե՞ք»:
Ստորեւ, առաջին մեկնաբանությունում ռուսաստանցի հայտնի բլոգեր Վառլամովի վերլուծությունն է՝ երթեւեկության անվտանգությունը ավելացնելու, մեր դեպքում՝ ճանապարհներին մարդկանց սպանդը կասեցնելու ուղիների մասին:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ քաղաքապետ Մարությանը ավագանու նիստում խոսել է ճանապարհներին անվտանությունը ավելացնելու ուղիների մասին, այդ թվում՝ հետիոտնային կարգավորվող անցումների թիվը ավելացնելու, գիշերային լուսավորության, ՃՈ կողմից հսկողության խստացմանանհրաժեշտության մասին, ինչպես նաեւ՝ առաջարկել է քննարկել արագության նվազեցման հարցը»: