Միհրան Պողոսյանին ՀՀ–ին հանձնելու համար անհրաժեշտ ընթացակարգեր Են իրականացվում
ՀՀ գլխավոր դատախազությունն իրականացնում է անհրաժեշտ ընթացակարգեր ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահներին հանձնելու համար:
Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար: Այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,- լրատվականի հետ զրույցում ասել է Խաչատրյանը:
Հիշեցնենքՙ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, հայտարարված էր հետախուզում։