ԱՄՆ-ն և Իսրայելը գաղտնի հետախուզական գործողություն են իրականացնում Իրանում․ որոնում են Մոջթաբա Խամենեիին․ The Times
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը գաղտնի գործողություն են իրականացնում Իրանի նոր գերագույն առաջնորդ համարվող այաթոլլա Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը պարզելու համար։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ առանց աղբյուրներ նշելու։
Պարբերականի փոխանցմամբ՝ գործողության նպատակը Խամենեիի սպանությունը չէ։ Հետախուզական ծառայությունները ցանկանում են պարզել՝ արդյոք նա ողջ է, ինչ առողջական վիճակում է և որտեղ է գտնվում։
The Times-ի տեղեկություններով՝ ԿՀՎ-ն և «Մոսադ»-ը հիմնվում են բացառապես տեղում գործող գործակալների աշխատանքի վրա։ Հաղորդվում է, որ փետրվարի 28-ին հոր մահից և սեփական ծանր վիրավորումից հետո Մոջթաբա Խամենեին չի օգտվել հեռախոսից կամ համակարգչից, ինչի պատճառով էլեկտրոնային հետախուզության միջոցները գործնականում անարդյունավետ են։
Պարբերականի զրուցակից փորձագետների կարծիքով՝ Խամենեին, այնուամենայնիվ, չի կարող ամբողջությամբ կտրված լինել արտաքին աշխարհից, և երկու հետախուզական ծառայություններն այժմ փորձում են դուրս գալ նրա հետ կապ պահպանող սուրհանդակների հետքի վրա։
The Times-ը հիշեցնում է, որ նման մեթոդով ԿՀՎ-ն ժամանակին կարողացել էր հայտնաբերել «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենին, և այժմ, ըստ պարբերականի, նույն մոտեցումն են կիրառում նաև ԿՀՎ-ն ու «Մոսադ»-ը։ Միաժամանակ նշվում է, որ հրապարակված տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։