Ռուսական շուկայի համար նախատեսված պանիրը կիրացվի Հայաստանում. Պանրագործների միության նախագահ
Հայաստանում կաթի և բնական կաթից պատրաստվող կաթնամթերքի, այդ թվում՝ պանրի դեֆիցիտ կա, ուստի կաթնամթերքի արտահանման ժամանակավոր սահմանափակումները ոլորտի վրա էական ազդեցություն չեն ունենա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Պանրագործների միության նախագահ Արմեն Գոգյանը։
Նրա խոսքով՝ ոլորտը նման զարգացումների համար սկսել էր պատրաստվել դեռ 2020 թվականից։
«2020 թվականի դեպքերից հետո Պանրագործների միությունը փակ նիստ էր կազմակերպել, որտեղ քննարկվել էին հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր ազդեցությունները ոլորտի վրա։ Այդ ժամանակ մենք որոշեցինք ավելի շատ կենտրոնանալ ներքին շուկայի վրա, քանի որ արտաքին շուկաների առումով ընտրության մեծ հնարավորություն չունեինք»,- նշել է Գոգյանը։
Նա ընդգծել է, որ թեև մի շարք արտադրողներ շարունակել են աշխատել ռուսական շուկայի հետ և այժմ խնդիրների առաջ են կանգնել, Հայաստանում գործող ավելի քան 70 պանրարտադրողներից միայն մի քանիսն էին արտահանում իրենց արտադրանքը Ռուսաստան։
Գոգյանի խոսքով՝ հայկական պանիր արտահանվում է նաև Վրաստան, ԱՄՆ և արաբական երկրներ, սակայն այդ շուկաներում արտահանման ծավալները զգալիորեն փոքր են։
Նրա տվյալներով՝ ռուսական շուկա տարեկան արտահանվում էր մոտ 1000 տոննա պանիր, սակայն այդ ծավալը, ըստ նրա, հնարավոր է իրացնել Հայաստանի ներքին շուկայում։
«Հայաստանում տարեկան սպառվում է շուրջ 22 հազար տոննա պանիր։ Բացի այդ, այսօր բնական կաթից պատրաստվող պանիրների դեֆիցիտը հասնում է մինչև 40 տոկոսի, հետևաբար այդ լրացուցիչ արտադրանքը կարող է առանց խնդիրների սպառվել ներքին շուկայում»,- ասել է նա։
Գոգյանը նաև նշել է, որ ռուսական շուկա արտահանվում էր ոչ միայն պանիր, այլև այլ կաթնամթերք, և այս իրավիճակում կարևոր է, որ կառավարությունը համագործակցի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր կորուստները նվազեցնելու համար։
Նրա խոսքով՝ Պանրագործների միությունը բազմիցս առաջարկել է մշակել առաջնային նշանակության սննդամթերքի արտադրության ռազմավարություն, սակայն մինչ օրս այդ առաջարկներին արձագանք չի եղել։