Հայաստանում կխստացվեն ապաստարանների պահպանման և շահագործման պահանջները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է միասնական չափորոշիչներ սահմանել ապաստարանների, հակաճառագայթային թաքստոցների ու այլ պաշտպանական կառույցների պահպանության, սպասարկման, շահագործման և պատրաստվածության ապահովման համար։ Փաստաթղթով սահմանվում է, որ ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները պետք է ունենան առնվազն մեկ հիմնական և մեկ պահեստային ելք։ Մուտքերն ու ելքերը պետք է լինեն ազատ ու չարգելափակված, իսկ տարածքը՝ մաքուր և չոր։
Պաշտպանական կառույցները պետք է ապահովված լինեն օդափոխության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման, ջրահեռացման համակարգերով, կապի հանգույցով, նստատեղերով, քնատեղերով, առաջին օգնության և հրդեհաշիջման միջոցներով, ինչպես նաև տարրական սանիտարական պարագաներով։ Նախատեսվում է նաև պահեստային գեներատորի կամ մարտկոցի առկայություն, որը կապահովի նվազագույնը 12 ժամ ինքնավար աշխատանք։ Խմելու ջրի նվազագույն պաշարը պետք է կազմի օրական առնվազն 2 լիտր՝ յուրաքանչյուր անձի համար։ Ապաստարանները պետք է ունենան դրանց պահպանության, սպասարկման ու պատրաստվածության բերման համար պատասխանատու անձ և սպասարկող անձնակազմ։ Պաշտպանական կառույցները նախատեսված են արտակարգ իրավիճակների կամ դրանց սպառնալիքի դեպքում մարդկանց պաշտպանելու օդային հարձակման հնարավոր միջոցների ազդեցությունից, ռադիոակտիվ, քիմիական ու կենսաբանական թունավոր նյութերից, ինչպես նաև հրդեհների հետևանքով առաջացող բարձր ջերմաստիճանից։ Խաղաղ պայմաններում ապաստարանները կարող են կիրառվել նաև տնտեսական և սպասարկման նպատակներով, սակայն այդ օգտագործումը պետք է համաձայնեցվի համայնքի ղեկավարի ու բնակչության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ։
Պատրաստվածության բերման ժամանակ պետք է ստուգվեն դռների սարքինությունն ու հերմետիկությունը, տարածքը պետք է ազատվի կողմնակի իրերից, մաքրվի, ախտահանվի և օդափոխվի։ Ստուգման են ենթակա նաև կապի, էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը, առաջին օգնության ու հրդեհաշիջման միջոցները։ Պաշտպանական կառույցների պատրաստվածությունը նախատեսվում է ստուգել ուսումնավարժությունների և վարժանքների միջոցով։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող իրավական կարգավորումներում պաշտպանական կառույցների պահպանության, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, կահավորման ու պատրաստվածության բերման գործընթացներն ամբողջությամբ համակարգված չեն։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել պաշտպանական կառույցների պատրաստվածության մակարդակը, բարելավել դրանց տեխնիկական վիճակի վերահսկողությունը և հստակեցնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, սեփականատերերի և շահագործողների պարտականությունները։ Կարգավորումները չեն տարածվի ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական կառույցների վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։