4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
2017 թվականին ԵՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018 թվականին՝ 65 հազար ավտոմեքենա: Այս մասին Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը և արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ 2020 թվականից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության:
«Սա հանգեցնելու է նրան, որ չորս-հինգ անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Ճիշտ չի՞ լինի, որ մենք դիմենք ԵՏՄ-ին և առաջարկենք, որ հինգ տարով մաքսատուրքերը Հայաստանի համար չբարձրանան: Թռչնամսի ներկրումը 2020 թվականին դառնալու է 25 տոկոս, իսկ վերջնական՝ մեկ ընդհանուր մաքսատուրք է սահմանվելու 80%-ը»,- ասաց Մելքումյանը: Ի պատասխան՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այդ արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչև մաքսատուրքերի բարձրացումը, արդեն արտոնյալ պայմաններ են Հայաստանի համար:
Մելքումյանը նշեց, որ ինքը տեղյակ է, որ միայն երկու անուն ապրանքների գծով են դիմել, որ իջեցնեն մաքսատուրքերը, որոնցից մեկը եղել է բարձրավոլտ էլեկտրագծերի մասով, որ Իրանին էներգիա տանք: Բացի դրանից, նա նաև ասաց, որ լսում է, որ այլ երկրներից դիմում են նվազեցնելու համար, սակայն ՀՀ-ից պասիվություն կա վերանայելու մաքսատուրքերը:
«Մեզ մոտ սպասվում է մաքսատուրքերի աճ՝ ընտանի թռչունների միսը՝ 25% 2020թ.-ին, հետագայում՝ 80%, կաթ ու սերուցքը ևս, ցորենը՝ 2%, հետո 5% , արևածաղկի ձեթը և այլն:
Պետք է շուտ ձեռնարկենք, որ հիմիկվանից հարցերը բարձրացնենք»,- ասաց նա: Նախարար Խաչատրյանն ասաց, որ կա նուրբ սահման, որ պետք է հիշել՝ բոլոր դեպքերի համար խոսում են անցումային ժամանակահատվածի մասին