Գնացե՛ք, աշխատե՛ք. Արմեն Աշոտյան
Հրապարակվել է 2018 թվականի «Լավ երկրների ցուցիչը», որտեղ Հայաստանը մեկ տարվա ընթացքում կտրուկ բարելավել է իր դիրքերը՝ 163 երկրների շարքում 75-րդ տեղից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական։ Այս ցուցանիշները ֆեյբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այս միջազգային վարկանիշը մշակվում է՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և նրա տարբեր կառույցների վիճակագրական տվյալները և նպատակ ունի պարզելու, թե աշխարհի երկրները ինչքան ավանդ ունեն երկրագնդի և մարդկության զարգացման գործում: Այն առավել արտաքին, քան ներքին զարգացվածության ցուցիչ է, երկրի միջազգայնացման ցուցանիշ: Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ մենք բոլորս ուրախանում և հպարտանում ենք մեր երկրի հաջողություններով և նման հարցերը ներքաղաքական օրակարգից դուրս են: Սակայն իշխանական մամուլը, ինչպես հաճախ, փորձել է այս առաջընթացը ևս վերագրել գործող կառավարությանը՝ մանիպուլացնելով մեր քաղաքացիներին: Սա է պատճառը, որ ստիպված եմ արձագանքել «հայկական հրաշքի» անատոմիային: Այս միջազգային վարկանիշը հիմք է ընդունում բացառապես նախորդ տարիների տվյալները՝ առնվազն երկու տարվա տարբերությամբ: Օրինակ, 2017-ի ցուցիչը հիմնված է եղել ՄԱԿ-ի 2014-ի տվյալների վրա, 2016-ինը՝ 2011-ի տվայլների վրա և այլն: Ակնհայտ է, որ այս տարվա վարկանիշի հիմքում ընկած են 2015-2016 թթ․ տվյալները: Այսինքն՝ մեր երկրի թռիչքը այս վարկանիշային համակարգում ոչ թե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է: Միայն ուրախ կլինեմ, եթե այս և միջազգային այլ վարկանիշներում նոր կառավարությունը հասնի Հայաստանի դիրքերի հետևողական բարելավմանը, բայց ձեր «ոտին մի՛ գրեք», մի՛ վերագրեք ձեզ այդ մեր ջանքերի գնահատականները: Գնացե՛ք, աշխատե՛ք», - գրել է Արմեն Աշոտյանը։

Քաղաքականություն