Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ: «Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն էր ստացվում, թե աշխատանքներ են տարվում, որ բանակայինները միանան ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը ԵԿՄ ղեկավարն էր, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որ Երկրապահներն էլ միանան ցուցարարներին, այդ պայմաններում ինքը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որ նա ապահովի բանակի չեզոքությունը»,- ասաց Ալումյանը: Երկրորդ նախագահը պատմել է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում հրավիրել է բանակի հրամանատարական կազմին և ցուցում տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը։ «Նա ցուցում է տվել, ասել է՝ գնացեք, ապահովեք, որ բանակն այս պրոցեսներին հանկարծ չխառնվի։ Բացի այդ, ասվել է, որ այն բարձրաստիճան սպաներն, ովքեր որ պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում սկսված այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ-ում շարունակել իրենց քննարկումները»,- ասաց նա։ Ալումյանն ասաց, որ երկորրդ նախագահն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև «0038» հայտնի հրամանին։ ««0038» հրամանին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ այդ հրամանը ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր–Պետրևոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, երբևիցե նման հրամանները չեն ուղակվել նախագահական, որպեսզի նա այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ այդ հրամանը պահի իր մոտ»,– պատմեց նա։ Պաշտպանը վստահեցրեց, որ երեք նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանում չի եղել նման օրենքի պահանջ կամ ընդունված պրակտիկա, որպեսզի պաշտպանության նախարարների հրամաններն ուղարկնեն նախագահական նախապես համաձայնեցնելու կամ հրամանն արձակվելուց հետո այն ուղարկեն ի գիտություն։ «Էնպես չի, որ պաշտպանության նախարարը հրաման արձակի, հետո զանգի՝ ասի՝ շեֆ, նման բան եմ արել»,– ասաց նա՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ հրամանի մեջ չկա մի բան, որի համար ոչ միայն քրեական պատասխանատվության կարելի էր ենթարկվել, այլև՝ ամաչել։ «0038 հրամանի մեջ որևէ վատ բան չկար»,– ընդգծեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ