Չեխիայի նախագահը` Հայաստանին Ռուսաստանի հետ կապված խոստում է տվել
Չեխիան կփորձի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու, տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարցում։ Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Չեխիայի նախագահ Պետր Պավելն այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ նախագահական նստավայրում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։
Չեխիայի նախագահը հայտարարել է՝ ողջունում է Հայաստանի քայլերը Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ունեցած ազդեցությունը, ճնշումներ է գործադրում հարևան երկրների վրա և թույլ չի տալիս, որ նրանք հարաբերություններն ընդլայնեն այլ երկրների հետ։
«Հայաստանը ռուսական շուկայից մեծ կախվածություն ունի, և մենք կփորձենք աջակցել, որպեսզի երկիրը կարողանա նվազեցնել այդ կախվածությունը»,- ասել է Պավելը՝ հիշեցնելով, որ Եվրամիության խորհուրդը նախօրեին որոշում էր ընդունել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսի համար ազատականացնել Եվրամիության շուկան՝ երկու տարի ժամկետով վերացնելով դրանց համար մաքսատուրքերը։
Չեխիայի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, անվտանգությունը։
«Մենք այս հարցերի վրա ուշադրություն ենք դարձնում մեր հանդիպումների ընթացքում, և հույս ունեմ առաջիկայում կունենանք կոնկրետ արդյունքներ»,- ասել է Պավելը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Չեխիայի նախագահ Պետր Պավելի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին հաջորդել են պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։
Նախագահների մամուլի ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ Վալդշտեյն պալատում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։
Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։
Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան
Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գոր...
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...