Ուկրաինական հարվածի հետևանքով վնասվել է Սամարայի արդյունաբերական ենթակառուցվածքը
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող արդյունաբերական օբյեկտի։ Այս մասին օգոստոսի 15-ին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
Նրա խոսքով՝ Սամարայի մարզը ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով վնասվել են Սամարայի արդյունաբերական ենթակառուցվածքների առանձին հատվածներ։ Ստեղծվել է արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ, տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Ուկրաինական աղբյուրների տվյալներով՝ հարվածի թիրախը կարող էր լինել Ռուսաստանի հրթիռատիեզերական արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Պրոգրես» հրթիռատիեզերական կենտրոնը։ Այն արտադրում է կրող հրթիռներ և տիեզերական սարքեր։ Կենտրոնի հարևանությամբ գտնվում է նաև «Ավիակոր» գործարանը, որտեղ իրականացվում են ռուսական ինքնաթիռների վերանորոգման և արդիականացման աշխատանքներ։
Astra-ի հրապարակած OSINT վերլուծության համաձայն՝ Սամարայում հրդեհը բռնկվել է «Պրոգրես» կենտրոնին պատկանող արտադրամասերից մեկում կամ հարակից ավիացիոն գործարանի տարածքում։
Նույն գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդվել է նաև Մոսկվայի մարզում։ Նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ Դոմոդեդովոյում ԱԹՍ-ն հարվածել է մասնավոր տան, ինչի հետևանքով վիրավորվել են 55-ամյա կին և 9-ամյա երեխա։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։
Օգոստոսի 15-ի գիշերը հարձակումների մասին հաղորդվել է նաև Պենզայի, Յարոսլավլի և Ռոստովի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում։
Պենզայի մարզում, տեղական իշխանությունների տվյալներով, ԱԹՍ-ի հարվածից հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկությունում։ Հրդեհը մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։
Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է հինգ ԱԹՍ-ի խոցման մասին՝ նշելով, որ տուժածներ և օբյեկտների վնասներ չկան։
Ռոստովի մարզում, իշխանությունների տվյալներով, հակաօդային պաշտպանության ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են մոտ մեկ տասնյակ ԱԹՍ և հրթիռ։ Միլլերովսկի շրջանում վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, ինչի հետևանքով յոթ բնակավայրերի շուրջ 1000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Սևաստոպոլում Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն էլ հայտնել է հինգ ԱԹՍ-ի խոցման մասին։
Նմանատիպ հոդվածներ
2025-ին ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով 153 խաղաղ բնակիչ է զոհվել․ ԱՄՆ ՊՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ 2025 թվականին ամերիկյան ռազմական գործողությունների հետևանքով...
Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը և Իրանին զգուշացրել հ...
Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել
Օգոստոսի 11-ի Զապորոժիեի արդյունաբերական տարածքին Ռուսաստանի բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է «Զապորոժստալ» ձեռնարկու...
Հրադադարից հետո իսրայելական ուժերը սպանել են ավելի քան 1200 պաղեստինցու․ ՄԱԿ
2025 թվականի հոկտեմբերին հրադադարի հաստատումից հետո Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ուժերի գո...