Քաղաքականություն

Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ

Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Հորմուզի նեղուցը «շատ շուտով» հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։ Թե որքանով է այս հայտարարությունը լուրջ և արդյոք այն արտացոլում է Վաշինգտոնի…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Հորմուզի նեղուցը «շատ շուտով» հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։ Թե որքանով է այս հայտարարությունը լուրջ և արդյոք այն արտացոլում է Վաշինգտոնի նոր քաղաքական դիրքորոշումը, առայժմ պարզ չէ, գրում է The Guardian-ը։


Նյու Յորքի Լոնգ Այլենդում ոստիկանական ակադեմիայում ելույթի ժամանակ Թրամփը նշել է, որ նման քայլի կդիմի Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո։


«Այն բանից հետո, երբ ավարտենք Իրանի պարտությունը, որը շատ ծանր պարտություն է կրում, ես շատ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք։ Ըստ էության, այն հենց դա էլ է։ Մենք շրջափակում ենք այն։ Ոչ մի նավ չի անցնում, եթե մենք դա չենք ցանկանում»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Հորմուզի նեղուցը համաշխարհային առևտրի կարևորագույն ծովային ուղիներից է․ դրանով սովորաբար անցնում է աշխարհում ծովով փոխադրվող նավթի շուրջ մեկ հինգերորդը։ Նեղուցը գրեթե փակ է փետրվարից՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։


Թրամփի հայտարարությանը արձագանքել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ նշելով, որ Թեհրանը չի վախենա ԱՄՆ-ի սպառնալիքներից կամ ուժի ցուցադրումից։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը բացելու կամ փակելու հարցը որոշելու է Իրանը։


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Թեհրանը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Քաթարի և Պակիստանի միջոցով փոխանցվող ուղերձները բանակցություններ չեն համարվում։


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «ամբողջական վերահսկողություն» ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և նույնիսկ գրել էր. «Կարծում եմ՝ մենք այն կպահենք»։ Միաժամանակ Հորմուզը միջազգային նավարկության համար օգտագործվող նեղուց է, որի ափամերձ պետություններն են Իրանը և Օմանը։


Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո վառելիքի գները զգալիորեն աճել են։ Թրամփը, սակայն, հայտարարել է, որ ամերիկացիները պետք է ընդունեն բենզինի համար ավելի բարձր գին վճարելու անհրաժեշտությունը՝ դա կապելով Իրանի միջուկային զենք ունենալը թույլ չտալու նպատակի հետ։


Թեհրանը, իր հերթին, շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը, չի փոխհատուցել պատերազմական վնասները, չի վերացրել պատժամիջոցները և չի ապասառեցրել իրանական ակտիվները։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250