Ռազմական

Արամ Թորոսյանը՝ բանակում մահվան դեպքերի, պատճառների և վիճակագրության մասին

Արամ Թորոսյանը՝ բանակում մահվան դեպքերի, պատճառների և վիճակագրության մասին
ՀՀ զինված ուժերում 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 11 դեպք, որոնցից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հ�…

ՀՀ զինված ուժերում 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 11 դեպք, որոնցից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։


Նրա խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերը պետք է դիտարկել՝ տարանջատելով ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված հանգամանքները, քանի որ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության և վերլուծության կարիք ունի։


Թորոսյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունը հանրայնացնում է նաև այն անձանց մահվան դեպքերը, որոնք տեղի են ունեցել ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ օրինակ՝ հիվանդության, ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ պատճառներով։


«Մամուլում հաճախ կհանդիպենք հրապարակումների, որ բանակում տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 30 դեպք, բայց որևէ մեկը չի նշում՝ այդ 30 դեպքից քանիսն են հենց բուն բանակում տեղի ունեցել, որոնք են կապված ծառայության հետ և քանիսը՝ ծառայության հետ կապված չեն»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղարը։


Նրա պնդմամբ՝ բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։

«Եթե խոսում ենք այս տարվա հաշվետու ժամանակահատվածի մասին, ապա այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով, իսկ այս տարի տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերի մասով պետք է նշեմ, որ դրանցից միայն 3-ն են, այսպես ասած, ծառայության հետ առնչվող հանգամանքներում տեղի ունեցել»,- ասել է Թորոսյանը։


ՊՆ մամուլի քարտուղարի ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 2, ինքնասպանության հասցնելու 2 և ինքնասպանության 4 դեպք։ Նրա խոսքով՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 6 դեպքերից 3-ը ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն տեղի ունեցել։


Թորոսյանը նաև նշել է, որ 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում արձանագրված մահվան 11 դեպքերից 2-ը եղել են ծառայության հետ կապված հանգամանքներում։


Անդրադառնալով նախորդ տարիների տվյալներին՝ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ 2007 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում սպանությունների, ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու 15 դեպք է արձանագրվել, իսկ 2016 թվականին՝ 19։


Նրա խոսքով՝ 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել, իսկ ծառայության հետ կապված հանգամանքներում գրանցվել է մահվան 6 դեպք, որոնցից, ըստ Թորոսյանի, երկուսը եղել են ինքնասպանության հասցնելու դեպքեր։


ՊՆ մամուլի քարտուղարը բանակում ինքնասպանությունների խնդիրը դիտարկել է նաև հանրապետությունում արձանագրվող դեպքերի ընդհանուր համատեքստում։ Նրա ներկայացրած տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 179, 2025 թվականին՝ 199, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 94 դեպք։


Թորոսյանի խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություններ սովորաբար հրապարակում են ինչպես Պաշտպանության նախարարությունը, այնպես էլ Քննչական կոմիտեն։ Նա ընդգծել է, որ առանձին դեպքերի իրավական գնահատական տալը ՊՆ-ի գործառույթը չէ։


ՊՆ մամուլի քարտուղարը նաև հերքել է պնդումները, թե նախարարությունը չի ցավակցում մահացած զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ ՊՆ ներկայացուցիչները շփվում են ընտանիքների հետ և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում նրանց։

Ի՞նչ քայլեր են իրականացվում կանխարգելման ուղղությամբ


Թորոսյանի խոսքով՝ զինված ուժերում ամենօրյա ռեժիմով միջոցառումներ են իրականացվում սպանությունների, ինքնասպանությունների, ինքնասպանության հասցնելու փորձերի և ինքնախեղումների կանխարգելման ուղղությամբ։


Ռիսկային խմբերում գտնվող զինծառայողների հետ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, իսկ զորամասերում հատուկ ուշադրություն է դարձվում նրանց հոգեհուզական վիճակին։


Մշակվել և կիրառվում են ինքնախեղումների, ինքնասպանությունների ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելման մեթոդական ձեռնարկներ։ Զորամասեր են ուղարկվում նաև պատահարների և դեպքերի վերաբերյալ շաբաթական վերլուծական ու տեղեկատվական նյութեր՝ պատճառները քննարկելու և նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։


ՊՆ-ի փոխանցմամբ՝ պարբերաբար անցկացվում են նաև սպա-հոգեբանների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաքներ, վերապատրաստումներ և սեմինարներ։


Թորոսյանը շեշտել է, որ բանակը հասարակության անբաժան մասն է, և զինված ուժերում առկա խնդիրները պետք է ուսումնասիրել խորքային՝ յուրաքանչյուր դեպքին առանձին մոտեցում ցուցաբերելով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250