Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել դաշնակից․ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել դաշնակից․ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։«Հայաստանն ի սկզբանե եղել…

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։


«Հայաստանն ի սկզբանե եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից»,- ասել է Մասադիկովը։


Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս հաստատել են Երևանի հետ բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությունը, այդ թվում՝ կազմակերպության համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցությունը վերականգնելու վերաբերյալ։


Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին։


Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է անդամ պետությունների կոնսենսուս։


Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և հավանական է, որ անդամ երկրների ղեկավարները քննարկեն նաև այս հարցը։


ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտավորությունները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել՝ կասեցնելու տվյալ երկրի քաղաքացիներին կազմակերպությունում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկելու նրան ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։


Կանոնադրությունը նաև նախատեսում է, որ անդամ պետության կողմից կազմակերպության կանոնադրության կամ ընդունված որոշումների պահանջները չկատարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը ՀԱՊԿ մարմինների աշխատանքներին կամ որոշում ընդունել այն կազմակերպությունից հեռացնելու մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250