Մերցը Գերմանիայում Կրեմլի դաշնակիցների դեմ գաղտնի ծրագիր է պատրաստում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը միջոցառումների փակ փաթեթ է պատրաստում, որը պետք է թույլ չտա ռուսամետ տարածաշրջանային կառավարություններին ճգնաժամի դեպքում արգելափակել ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Բեռլինում մտավախություն ունեն, որ սեպտեմբերյան ընտրություններից հետո «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կարող է բացարձակ մեծամասնություն ստանալ արևելյան մի շարք երկրամասերում և իր վարչական լիազորություններն օգտագործել դաշնակիցների համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով։
Հատկապես մտահոգիչ է համարվում Սաքսոնիա-Անհալթում և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ստեղծված իրավիճակը։ Իշխանությունների գնահատմամբ՝ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի վերահսկողության տակ հայտնված կառավարությունները կարող են բյուրոկրատական ընթացակարգերի, ոստիկանության աշխատանքի և ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման միջոցով ձգձգել զորքերի տեղաշարժը։
ՆԱՏՕ-ում կարծում են, որ նման սցենարը համապատասխանում է Մոսկվայի ռազմավարությանը։ «Պուտինը հույս ունի քաղաքական դաշնակիցների օգնությամբ թուլացնել դաշինքի պատասխան գործողությունները»,- աղբյուրներին հղումով գրում է The Telegraph-ը։
Գերմանիան առանցքային դեր ունի ՆԱՏՕ-ի ռազմական նյութատեխնիկական ապահովման համակարգում։ Դաշինքի արևելյան թև զորքեր տեղափոխելու գրեթե բոլոր երթուղիներն անցնում են Գերմանիայի տարածքով, ինչի պատճառով երկիրն անվանում են «ՆԱՏՕ-ի ճանապարհային հանգույց»։
Սակայն խաղաղ պայմաններում զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ են բազմաթիվ դիվանագիտական և մաքսային համաձայնեցումներ, իսկ ուժերի ամբողջական տեղակայումը կարող է տևել մինչև վեց շաբաթ։ Դա համակարգը խոցելի է դարձնում կիբերհարձակումների և հիբրիդային այլ սպառնալիքների նկատմամբ։
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն արդեն մշակում է մեխանիզմներ, որոնք թույլ կտան շրջանցել տարածաշրջանային իշխանությունների որոշումները, ինչպես նաև ուժեղացնել կարևոր ենթակառուցվածքների և առանցքային մասնագետների պաշտպանությունը։ Քննարկվում է նաև «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի վերահսկողության տակ գտնվող երկրամասերի ղեկավարների՝ հետախուզական ճեպազրույցներին հասանելիությունը մասնակիորեն սահմանափակելու հնարավորությունը։
Միաժամանակ իշխանությունները բախվում են լուրջ սահմանադրական խոչընդոտների։ Ռազմական նյութատեխնիկական ապահովման գործընթացն արմատապես պարզեցնելու համար անհրաժեշտ է հատուկ «լարվածության ռեժիմ» սահմանել։ Դրա համար պահանջվում է Բունդեսթագի պատգամավորների երկու երրորդի աջակցությունը, ինչը ներկայիս քաղաքական դասավորության պայմաններում չափազանց դժվար է ապահովել։