Քաղաքականություն

Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել

Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա ապագա պաշտոնավարման հարցը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կքննարկի նրա հետ առանձին հանդիպման ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը։


Լրագրողների հարցին, թե արդյոք Ումերովը կարող է նշանակվել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան, Լիտվինը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այդ տեղեկությունը։


«Ռուստեմի հետ դեռ առանձին զրույց կլինի։ Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա կարող եմ կրկնել, որ փոփոխություններ են նախապատրաստվում միանգամից մի քանի դեսպանատներում», - ասել է նա։


Լիտվինի խոսքով՝ դիվանագիտական նշանակումները նախատեսվում են մինչև օգոստոսին կայանալիք Ուկրաինայի դեսպանների մասնակցությամբ մեծ խորհրդակցությունը։


ՌԲԿ-Ուկրաինայի տվյալներով՝ քաղաքական շրջանակներում վաղուց քննարկվում էր Ումերովի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հնարավորությունը։ Նշվում է, որ մեկ տարի առաջ ևս նրա թեկնածությունը դիտարկվել էր այդ պաշտոնի համար, սակայն այն ժամանակ դեսպան էր նշանակվել Օլգա Ստեֆանիշինան, իսկ Ումերովը տեղափոխվել էր ԱԱԽ։


Այս շաբաթ Ուկրաինայում տեղի ունեցան կառավարության լայնածավալ կադրային փոփոխություններ։ Իշխանությունների նախնական ծրագրով պաշտպանության նախարարի պաշտոնում պետք է նշանակվեր նախկին ներքին գործերի նախարար Իհոր Կլիմենկոն, սակայն այդ մտադրությունը հանրային դժգոհության և բողոքի ակցիաների ֆոնին վերանայվեց։


Արդյունքում Զելենսկին որոշել է Կլիմենկոյին առաջարկել զբաղեցնել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Ռուստեմ Ումերովին։ Համապատասխան հրամանագիրը պատրաստվում է ստորագրման։


Միաժամանակ, ՌԲԿ-Ուկրաինայի տեղեկություններով, նախագահը նախկին վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին նույնպես առաջարկել է զբաղեցնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը, սակայն նա առայժմ չի ընդունել այդ առաջարկը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250