․ ԱՄՆ-ն միաժամանակ զինում է Ուկրաինային և խոսում խաղաղության մասին.Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ երկակիություն է տեսնում՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
Նրա խոսքով՝ մի կողմից Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, իսկ մյուս կողմից հայտարարում է, որ պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Ամերիկյան դիրքորոշման մեջ մենք նման երկակիություն ենք տեսնում։ Մի կողմից նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, թեև նախագահ Թրամփն ասում է, որ չգիտեն, թե ում են մատակարարում, այն գնում է ՆԱՏՕ-ին, իսկ մնացածն իրենց գործը չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Մոսկվային և Կիևին խաղաղ կարգավորման հասնելու հարցում, Ռուսաստանում դրական են գնահատում։
«Այս առումով, իհարկե, դա մեզ դուր է գալիս, և մենք օգտագործում ենք այդ պատրաստակամությունը՝ այդ գործընթացին աջակցելու համար»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը հայտարարել է նաև, որ հնարավոր օդային հրադադարի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա, ինչպես նաև Ուկրաինայում կարգավորման որևէ նոր բանաձև կամ առաջարկ չկա։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ «օդային հրադադարի» նախաձեռնությունը կքննարկվի Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպման ժամանակ։
«Իրոք, այս տեղեկատվությունը մի քանի օր առաջ է հայտնվել, բայց առայժմ դա ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցների ենթադրություն։ Այս հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա, ինչպես նաև որևէ նոր բանաձևի կամ առաջարկի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։