Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, ով կարող է ստանալ. մանրամասներ
«Պետական նպաստների մասին» գործող օրենքը սահմանում է ֆինանսական աջակցության տեսակները և տրամադրման հիմքերը։ Ինչպես հայտնում է Iravaban.net-ը, պետական նպաստ է սահմանվում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝
- երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).
- երեխան չի գտնվում սոցիալական պաշտպանության հաստատությունում.
- լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:
Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
Խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողի համար՝ տոկոսով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ.
- խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:
Ներկայումս նպաստի չափը որոշվում է հետևյալ կերպ՝
- 31600 դրամ, եթե ծնողը չի գտնվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.
- «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով, եթե ծնողը գտնվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:
Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե վճարելու ամսվա 1-ի դրությամբ՝
- առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և
- երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու (վճարելու) համար հիմք են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: