Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխանցմամբ՝ իրավապահներին տված ցուցմունքում 20-ամյա Էդիկը հայտնել է, որ գրտնակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը՝ մինչև նրա բերանից արյուն է հոսել։
Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 3-ին։ Գյուղում շրջանառվող վարկածի համաձայն՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ մայրը որդուն նկատողություն է արել ծխելու համար և հարվածել կրակ խառնիչով։ Դրանից հետո երիտասարդը, ըստ հաղորդման, գրտնակով ծեծի է ենթարկել 56-ամյա մորը՝ հասցնելով մահվան։
Ըստ «5-րդ ալիքի»՝ սպանությունից հետո որդին մոր մարմինը տեղափոխել է կիսակառույց շինություն։ Սկզբում այն ծածկել է ձյունով, իսկ ձնհալից հետո ամիսներ շարունակ պարբերաբար հող է լցրել մարմնի վրա՝ փորձելով թաքցնել հետքերը։
Գյուղացիների խոսքով՝ վերջին ամիսներին նրանք այլևս չէին տեսնում Ռուզանին, իսկ որդին տարբեր բացատրություններ էր տալիս նրա բացակայության վերաբերյալ։ Երբ հարազատները սկսել են կասկածել, երիտասարդին հորդորել են դիմել ոստիկանություն՝ մոր անհետացման մասին հայտնելու համար։
Գործը բացահայտվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանից Հայաստան ժամանած ազգականը տեղեկացել է կնոջ անհետացման մասին և դիմել իրավապահներին։ Հուլիսի 22-ին ոստիկանները հարցաքննել են 20-ամյա երիտասարդին, որը խոստովանել է սպանությունը։ Նա նաև հայտարարել է, թե հանցագործությանը մասնակցել է իր 25-ամյա եղբայրը։ Երկու եղբայրներն էլ ձերբակալվել են։
Միևնույն ժամանակ Մելիք գյուղի բնակիչները կասկածի տակ են դնում ավագ եղբոր մասնակցության վարկածը՝ նշելով, որ նա երկար ժամանակ է Երևանում է աշխատում և հազվադեպ է եղել գյուղում։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ ներկայացված հանգամանքները հիմնված են նախաքննության այս փուլում հայտնի տվյալների վրա և դեռ ենթակա են իրավական գնահատականի։