Ուկրաինան Սև ծովում հարվածել է հացահատիկ տեղափոխող բեռնատար նավերին
Շաբաթվա սկզբից ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են հինգ բեռնատար նավերի վրա, որոնք փորձել են Նովոռոսիյսկի և Տուապսեի նավահանգիստներից ռուսական հացահատիկ տեղափոխել Սև ծովով։ Հարվածները դարձել են Օդեսայի նավահանգիստների վրա ռուսական հարձակումների պատասխանը։
Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, աղբյուրներին հղում անելով գրում է Bloomberg-ը։
Անցած շաբաթ ԱԹՍ-ների մի քանի հարվածներից հետո Նովոռոսիյսկի նավահանգստում աշխատանքը դադարեցրել էին երեք տերմինալներ, որոնց բաժին է ընկնում հացահատիկի ընդհանուր արտահանման ավելի քան 40%-ը։
Bloomberg-ի տվյալներով՝ երկուշաբթի և երեքշաբթի հարձակումների են ենթարկվել հացահատիկ բեռնելու համար ժամանած հինգ բեռնատար նավեր։ Դրանք նավարկել են Լիբերիայի, Մալթայի, Մարշալյան կղզիների, Ռուսաստանի և Սան Մարինոյի դրոշների ներքո։
Մասնավորապես, օգոստոսի 17-ին ԱԹՍ-ի հարվածից հետո հրդեհ է բռնկվել Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական Anna S բալկերում, ինչի հետևանքով այն չի կարողացել շարունակել ընթացքը դեպի Նովոռոսիյսկի նավահանգիստ։
Օգոստոսի 18-ին հացահատիկի բեռնումից հետո հարվածների ենթարկված երկու նավ վերսկսել են իրենց երթուղիները։ Եվս երկու նավ՝ մեկը Նովոռոսիյսկի, մյուսը՝ Տուապսեի մերձակայքում, հարձակման են ենթարկվել նախքան բեռնումը։
Բացի այդ, Ուկրաինան շարունակում է Սև ծովում հարվածներ հասցնել նավթատար տանկերներին։ Օգոստոսի 16-ին ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է հունական Skiros նավին, որը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալում բեռնումից հետո ռուսական նավթ էր տեղափոխում։
Սև ծովում բեռնատար նավերին հասցված ուկրաինական հարվածները պատասխան են Օդեսայի նավահանգիստների և առևտրային նավերի վրա ռուսական հարձակումներին, որոնց հետևանքով օգոստոսին Ուկրաինայի ծովային արտահանումը գրեթե կանգ է առել։
Bloomberg-ի տվյալներով՝ եթե հուլիսի սկզբին Օդեսայի նավահանգիստներ օրական մոտ 15 նավ էր մուտք գործում, ապա ամսվա վերջին դրանց թիվը նվազել էր մինչև մեկ-երկու։
Ռուսաստանին և Ուկրաինային միասին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մոտ 27%-ը։ Նավերի և նավահանգիստների վրա հարձակումները տեղի են ունենում բերքահավաքի ամենաթեժ շրջանում։
Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրությունների Բեռլինի Կարնեգի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գաբուևի խոսքով՝ 2025 թվականին Ռուսաստանի գյուղատնտեսական արտահանումը կազմել է մոտ 41 մլրդ դոլար կամ երկրի արտահանման ընդհանուր եկամուտների 10%-ը։ Ուկրաինայում գյուղատնտեսական արտահանումն ապահովում է արտարժութային եկամուտների գրեթե կեսը։
Եվրոպայում անոմալ շոգի, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով վառելիքի ու պարարտանյութերի գների աճի ֆոնին ցորենն արդեն թանկացել է 25%-ով՝ 2025 թվականի համեմատ։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ միայն կլիմայական գործոնների պատճառով 50 միլիոն մարդու համար կարող է դժվարանալ սննդամթերքի հասանելիությունը։
Գաբուևի խոսքով՝ եթե ռուսական և ուկրաինական ցորենը չհասնի համաշխարհային շուկա, դա կարող է պարենային անվտանգության ոլորտում ավելի սուր ճգնաժամ առաջացնել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում նոր զորահավաք կարող է հայտարարվել․ փորձագետները՝ հնարավոր ժամկետների մասին
The New York Times-ի տվյալներով՝ արևմտյան որոշ պաշտոնյաներ և վերլուծաբաններ կարծում են, որ սեպտեմբերին ՌԴ Պետդումայի ընտ...
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում սահմանափակվել են չվերթները
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում օգոստոսի 19-ի գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և...
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը ոչնչացվել է առնվազն 76 ԱԹՍ
Օգոստոսի 19-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում հակաօդային պաշտպանության ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են խոց...
Մոսկվայի տարածաշրջանում խոցվել է 180 ԱԹՍ. գիշերվա ընթացքում տարածաշրջանի ուղղությամբ թռել է 620 անօդաչու
Օգոստոսի 17-ի երեկոյից մինչև օգոստոսի 18-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ն, Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 62...