Ռազմական

Իսրայելը զգուշացրել է Թուրքիային․ Թշնամական ուժեր չենք հանդուրժի մեր սահմաններին

Իսրայելը զգուշացրել է Թուրքիային․ Թշնամական ուժեր չենք հանդուրժի մեր սահմաններին
Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայում գտնվող ռազմաբազային հասցված հարվածից մեկ օր անց Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը այցելել է Սիրիայի տարածք և ուղերձ հղել…

Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայում գտնվող ռազմաբազային հասցված հարվածից մեկ օր անց Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը այցելել է Սիրիայի տարածք և ուղերձ հղել Դամասկոսին ու Անկարային։


«Մենք թույլ չենք տա, որ թշնամական ուժերը հաստատվեն մեր սահմաններին։ Մենք գիտենք՝ ինչպես օգտագործել մեր օպերատիվ հնարավորությունները հենց այնտեղ և հենց այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է»,- հայտարարել է Զամիրը։


Ynet-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի երեկոյան Իսրայելը հարվածել է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելքում գտնվող Աբու ալ-Դուհուր ռազմական օդանավակայանին։ Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ այնտեղ նախատեսվում էր թուրքական ուժեր տեղակայել։


Իսրայելի վարչապետի գրասենյակը փաստացի հաստատել է հարվածը՝ հայտարարելով, որ Իսրայելն ու Սիրիան անվտանգության հարցերում պայմանավորվել էին պահպանել ստատուս քվոն, սակայն Դամասկոսը գրեթե խախտել է այն՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայում ռազմական ավիաբազայում։


«Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը սպառնալիք կլինի Իսրայելի անվտանգությանը։ Սիրիան որոշել է անտեսել այդ նախազգուշացումները։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող գործողությունները»,- հայտարարել է վարչապետի գրասենյակը։


Զամիրն իր հերթին նշել է, որ Իսրայելը հետևում է Սիրիայում տեղի ունեցող փոփոխություններին և պատրաստվում հնարավոր զարգացումներին։


«Մենք պետք է կանխենք ինչպես ահաբեկչական սպառնալիքների զարգացումը, այնպես էլ մեր սահմաններին զգալի ռազմական սպառնալիքի ձևավորումը»,- ասել է նա։


Իսրայելական հարվածը կոշտ արձագանք է առաջացրել Թուրքիայում։ Իշխանամետ Türkiye թերթը կատարվածն անվանել է «իսրայելական լուրջ սադրանք»՝ նշելով, որ հարվածի թիրախ դարձած օդանավակայանը գտնվում է Թուրքիայի սահմանից մոտ 55 կմ հեռավորության վրա և նախատեսված էր ռադարային ու հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման համար։


Արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ վերջին ամիսներին Աբու ալ-Դուհուրի օդանավակայանում վերականգնման աշխատանքներ են իրականացվել։ Դրանք կարող են վկայել բազան կրկին շահագործման հանձնելու ծրագրերի մասին՝ հնարավոր թուրքական աջակցությամբ կամ Սիրիայում թուրքական ուժերի ապագա տեղակայման շրջանակում։


Տարածաշրջանային լարվածության ֆոնին Թուրքիան միաժամանակ հայտարարել է, որ պատրաստ է Սիրիայի իշխանությունների հետ համագործակցել երկրում նավթի և գազի որոնման ու արդյունահանման հարցերում։ Անկարան և Դամասկոսը նախատեսում են նաև գործարկել նոր էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ՝ եռապատկելով Սիրիա էլեկտրաէներգիայի փոխանցման հզորությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250