Պուտինը 2026 թվականի նպատակ է դրել «ներսից քայքայել ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն». NYT
2025 թվականի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ 2026 թվականի համար նպատակ է դրել «ներսից քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը»։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով հանդիպման մանրամասներին ծանոթ երկու երկրների պաշտոնյաների։
Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ այդ ծրագրերում առանցքային տեղ է հատկացվում Մոլդովային։ Արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների տվյալներով՝ Կրեմլի առաջնահերթությունների ցանկում Ուկրաինային ենթարկեցնելն առաջին տեղում է, իսկ Մոլդովայի նկատմամբ վերահսկողություն հաստատելը՝ երկրորդ։
Միաժամանակ Պուտինը հրապարակային ելույթներում բազմիցս հերքել է եվրոպական երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին պնդումները՝ դրանք անվանելով «սուտ» և «անհեթեթություն»։
NYT-ի աղբյուրների գնահատմամբ՝ Մոլդովան Ռուսաստանի համար կարող է դառնալ հենակետ՝ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արևմուտքի դեմ հետագա գործողությունների համար։ Նրանց պնդմամբ՝ Պուտինը նաև շարունակում է ակնկալել վերահսկողություն հաստատել Ուկրաինայի հարավային տարածքների նկատմամբ՝ Ռուսաստանը Մոլդովային կապող ցամաքային միջանցք ստեղծելու նպատակով։
Պարբերականը գրում է, որ այս նպատակների շրջանակում Ռուսաստանը փորձել է միջամտել 2025 թվականի սեպտեմբերի 28-ին Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ կիրառելով կիբերհարձակումներ, ապատեղեկատվություն, ընտրողների ձայների գնման և քարոզչական մեխանիզմներ։
Ըստ NYT-ի՝ այդ գործողություններում ներգրավվել են նաև մոլդովացի հոգևորականներ։ Պարբերականի պնդմամբ՝ նրանցից ոմանք մեկնել են Ռուսաստան, ստացել «Պրոմսվյազբանկի» բանկային քարտեր, իսկ Մոլդովա վերադառնալուց հետո պետք է ֆինանսական վարձատրության դիմաց քարոզչություն իրականացնեին երկրի եվրոպամետ քաղաքականության դեմ։
The New York Times-ը նաև հայտնում է, որ 2025 թվականի ամռանը Սերբիայում կազմակերպվել է ուսումնական ճամբար, որի մասնակիցների մեծ մասը Մոլդովայի քաղաքացիներ էին։ Արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ նրանց սովորեցրել են զենք կիրառել, ճեղքել ոստիկանական պատնեշները և հրկիզել շենքեր։ Նմանատիպ ճամբարներ, ըստ աղբյուրի, գործել են նաև Բոսնիայում և Մոսկվայի մերձակայքում։
Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Մոլդովան օգտագործել որպես «հենակետ Ուկրաինայի, ինչպես նաև Եվրամիության դեմ թշնամական գործողությունների համար»։
NYT-ի փոխանցմամբ՝ Մոլդովայի իշխանությունները ընտրություններից առաջ լայնածավալ գործողություններ են իրականացրել․ ոստիկանությունը խուզարկություններ է կատարել հարյուրավոր տներում և ձերբակալել ուսումնական ճամբարներում պատրաստություն անցած անձանց, իսկ կիբերանվտանգության մասնագետները արևմտյան գործընկերների աջակցությամբ հետ են մղել հաքերային հարձակումները։
Ընտրությունների արդյունքում նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում։
«Մենք հաղթեցինք ճակատամարտը, բայց չենք հաղթել պատերազմը»,- հայտարարել է Մոլդովայի Կիբերանվտանգության գործակալության տնօրեն Միհայ Լուպաշկուն։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Հորմուզի նեղուցը «շատ շուտով» հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։...