Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածը Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին․ կա 7 զոհ և 24 տուժած
Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում զոհվել է 7 մարդ, ևս 24-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Տամբովի մարզի նահանգապետ Եվգենի Պերվիշովի տեղեկություններով՝ զոհվածները գիշերային հերթափոխի աշխատակիցներ են։ Տուժածները տեղափոխվել են Կոտովսկի և Տամբովի հիվանդանոցներ։
Հարվածից հետո լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Բաց կրակը մարվել է, իսկ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է, որ աջակցություն կցուցաբերվի զոհվածների ընտանիքներին։
Wildberries ընկերությունը հաստատել է, որ հարձակման են ենթարկվել Տամբովի մարզի Կոտովսկի և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի լոգիստիկ կենտրոնները։ Ընկերության տվյալներով՝ երկու օբյեկտներից էլ աշխատակիցները տարհանվել են։
Ըստ ռուսական կողմի՝ հուլիսի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը ուկրաինական ուժերը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր են կիրառել Ռուսաստանի տարբեր շրջանների ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության համակարգերը հայտնել են, որ դրանց զգալի մասը խոցվել է։