Կալիֆոռնիան արգելեց AI ուսուցիչներին. դպրոցներում կդասավանդեն միայն մարդիկ
Կալիֆոռնիայում նոր օրենք է ընդունվել, որը երաշխավորում է պետական դպրոցների աշակերտների կրթությունն ու աջակցությունը իրական մանկավարժների, այլ ոչ թե արհեստական բանականության համակարգերի կողմից։
Նահանգի կրթական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, որոնք վավերացրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, 2027 թվականից սկսած հանրային դպրոցներն իրավունք չեն ունենա կիրառել արհեստական բանականության ուսուցիչներ K–12 դասարանների (մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան) սովորողների դասավանդման համար։ «Assembly Bill 2148» անվանումը ստացած փաստաթղթով սահմանվում է, որ կրթական ծառայությունների համար պատասխանատու դպրոցական բոլոր աշխատողներն ու կապալառուները պետք է հանդիսանան «ֆիզիկական անձինք»։
Միևնույն ժամանակ, կարգավորումը ամբողջությամբ չի բացառում արհեստական բանականության կիրառումը կրթության ոլորտում։ Ուսումնական հաստատությունները դեռևս կկարողանան օգտագործել արհեստական բանականության գործիքներ, ինչպիսիք են օժանդակ ուսուցման ծրագրերն ու աշակերտների աջակցության վիրտուալ համակարգերը։ Սակայն բուն դասավանդման գործընթացը, կրթական ծառայությունների մատուցումն ու սովորողների ուղեկցումը պետք է կատարի մարդը, ով իրավական պատասխանատվություն է կրում տվյալ գործընթացի համար։
Սկզբնական շրջանում օրինագիծը նախատեսում էր պետական դպրոցներում արհեստական բանականության և կրթական տեխնոլոգիաների կիրառման ամբողջական արգելք, սակայն օրենսդիրների կողմից դրույթները մեղմացվել են։ Վերջնական տարբերակում ընդգծվել է այն մոտեցումը, որ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել ուսուցիչներին և կրթական հաստատությունների աշխատակիցներին։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ նոր կանոնները կնպաստեն դպրոցներում մարդկային փոխազդեցության, պատասխանատվության և մանկավարժների մասնագիտական գնահատականի պահպանմանը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների արագընթաց տարածման պայմաններում։