Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով «դատավարությունը»․ հաջորդ նիստը՝ հուլիսի 21-ին
Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացել է Ադրբեջանում ապօրինաբար գտնվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործերով ներկայացված վերաքննիչ բողոքների քննության շարունակությունը։
Դատական նիստի ընթացքում «պաշտպանները» հանդես են եկել 2026 թվականի փետրվարի 5-ին կայացված դատավճիռները չեղարկելու և իրենց պաշտպանյալներին արդարացնելու պահանջով, իսկ մեղադրյալները հայտարարել են, որ առաջադրված մեղքը չեն ընդունում։
«Տուժողների» ներկայացուցիչներն իրենց հերթին դատարանից խնդրել են ուժի մեջ թողնել նախկին դատավճիռը։ «Դատական նիստի» ժամանակ պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք միջնորդություններով, որոնք դատարանը խորհրդակցական ընդմիջումից հետո բավարարել է միայն մասնակիորեն։ Հաջորդ «դատական նիստի» անցկացումը նշանակվել է հուլիսի 21-ին։