Հասարակություն

9620 դիմորդ արդեն ընդունվել է բուհ. անվճար տեղերի մեծ մասը համալրվել է

9620 դիմորդ արդեն ընդունվել է բուհ. անվճար տեղերի մեծ մասը համալրվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:


Նիստի աշխատանքներին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, ինչպես նաև բուհերի ռեկտորներ ու պրոռեկտորներ։ Օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովը քննարկել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2026-2027 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների ցուցանիշները:


ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության նախնական տվյալները, որոնց համաձայն՝ 2026 թվականի բուհերի ընդունելության համար Կառավարության կողմից տրամադրվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։ Ուսումնական հաստատություններ է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով՝ ներառյալ պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, իսկ վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։


Արդեն երկրորդ տարին անընդմեջ, Տավուշի մարզում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ այն դիմորդների համար, ում ուսուցումը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ամբողջությամբ իրականացվել է նոր չափորոշիչներով։ Այս դիմորդները, բացի ընդունելության միասնական քննություններից, նոր չափորոշչի շրջանակում քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորություն են ունեցել, և նրանց ցուցաբերած քննական արդյունքները, ըստ ԳԹԿ-ի, նախորդ քննությունների համեմատ բարելավվել են։


Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել ու հաստատել է բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Բացի այդ, քննարկվել ու հաստատվել են ազգային փոքրամասնություններին հատկացված արտոնյալ տեղերի մրցույթի արդյունքները։ Նշվել է, որ բուհերի ընդունելության արդյունքները հրապարակվելու են վաղը՝ հուլիսի 18-ին:


Ծանոթանալով ընդհանուր տվյալներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միասնական քննությունների կազմակերպմանը, արդյունքների ամփոփման ու հրապարակման ժամկետներին։ Նա նաև նշել է, որ զուգահեռաբար պետք է դիտարկվի ընդունելության քննությունների էլեկտրոնային եղանակով անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ հետագայում բուհերի դերն ընդունելության գործընթացում ընդլայնվելու է, և բուհերից շատերն արդեն ունեն թվային հարթակների կիրառման արդյունավետ փորձ։ Նիստում քննարկվել են նաև թափուր տեղերի վերաբաշխմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250