Բարի գալուստ կյանքի ամենակարևոր պաշտոնին. Լարրի կատվի հումորային ուղերձը նոր վարչապետին
Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող բրիտանական վարչապետի նստավայրի գլխավոր մկնորս Լարրի կատուն հումորային ձևով է անդրադարձել Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բերնեմի նշանակմանը՝ ակնարկելով, որ նրա առաջնահերթ պարտականություններից մեկը լինելու է իր մասին հոգ տանելը:
X սոցիալական ցանցի Լարրիի պաշտոնական էջում տեղադրվել են պատկերներ, որտեղ ապագա վարչապետի համար յուրօրինակ հրահանգավորում է ներկայացվում։ «Լարրի կատվի արկղը նախարարների կաբինետում է, իսկ նրան կերակրել է պետք օրական առնվազն երկու անգամ»,- նշված է հրապարակված պատկերներից մեկում։ Հրապարակմանը կից գրությունը նույնպես կատակային ոճով է ձևակերպված. «Բարի գալուստ ձեր կյանքի ամենակարևոր պաշտոնին»։
Ավելի վաղ Լեյբորիստական կուսակցության Ազգային գործադիր կոմիտեի նախագահ Շաբանա Մահմուդը տեղեկացրել էր, որ Էնդի Բերնեմն ընտրվել է կուսակցության նոր առաջնորդ։ Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորությունների փոխանցման գործընթացը տեղի կունենա երկուշաբթի։
Լարրի կատուն Դաունինգ սթրիթի նստավայրում բնակվում է 2011 թվականից։ Նրան բերել են կենդանիների կացարանից, և նա պաշտոնապես ստանձնել է գլխավոր մկնորսի պաշտոնը։ Բրիտանական քաղաքական առաջնորդների նստավայրերում կատուներ պահելու սովորույթն ունի մի քանի դարի պատմություն, իսկ 1929 թվականից նրանք ունեն պետական ծառայողի պաշտոնական կարգավիճակ ու ստանում են խորհրդանշական աշխատավարձ։ Լարրիի ամենահայտնի նախորդներից մեկը եղել է վարչապետներ Մարգարետ Թետչերի, Ջոն Մեյջորի և Թոնի Բլերի պաշտոնավարման տարիներին ծառայած Համֆրի կատուն։