Նավալնիի ենթադրյալ թունավորման գործով ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել
Եվրոպական միության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնց ԵՄ-ում կապում են քիմիական զենքի, այդ թվում՝ էպիբատիդին թույնի մշակման և տարածման հետ։
Համաձայն հրապարակված հայտարարության՝ եվրոպական կողմի տվյալները վկայում են, որ այս նյութը հայտնաբերվել է Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո ռուսական ուղղիչ գաղութում նրա մարմնից վերցված նմուշներում, ինչն էլ թույլ է տվել եզրակացնել, որ նշված նյութով թունավորման հավանականությունը բարձր է։
Սահմանափակումների ցանկում ներառվել են ռազմական բնագավառի գիտնականներ և հետազոտողներ։ Նրանց թվում են «Սիգնալ» գիտական կենտրոնի (Signal Scientific Centre, նաև SC Signal) աշխատակիցները, որտեղ, ըստ պնդումների, կատարվել են էպիբատիդինի սինթեզի հետազոտություններ և հրապարակվել են աշխատանքներ։ ԵՄ գնահատմամբ՝ սա կարող է վկայել որպես քիմիական զենք դրա մշակմանը մասնակցության մասին։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ է հայտնվել հիշյալ կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Իգոր Բաբկինը։
Ցուցակում է հայտնվել նաև Իրինա Դերևյագինան, որը հանդիսանում է Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի քիմիական հետազոտությունների վերլուծաբանը։ Այս կառույցը ԵՄ-ում համարում են Ռուսաստանի քիմիական զենքի ծրագրի առանցքային հաստատությունը։ Մեկ այլ ներգրավված անձ է Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիայի գիտական աշխատանքի կազմակերպման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման բաժնի ղեկավար Միխայիլ Գուցալյուկը։
Ընդհանուր առմամբ, քիմիական զենքի կիրառման և տարածման դեմ ԵՄ սահմանափակող միջոցների ռեժիմն այս պահին տարածվում է 31 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց վրա։
Պատժամիջոցների ցուցակում ներառված անձանց համար սահմանվում է ակտիվների սառեցում, ինչպես նաև արգելվում է նրանց տրամադրել որևէ ֆինանսական կամ տնտեսական ռեսուրս։ Բացի այդ, արգելք է դրվել Եվրոպական միության անդամ երկրների տարածք նրանց մուտք գործելու վրա։
ԵՄ-ում հայտարարել են քիմիական զենքի տարածման դեմ պայքարի քաղաքականությունը շարունակելու և Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման ու դրա ոչնչացման մասին կոնվենցիային աջակցելու մտադրության մասին։
Այս պատժամիջոցների ռեժիմի իրավական հիմքը ԵՄ խորհրդի կողմից հաստատվել է 2018 թվականին, երբ եվրոպական առաջնորդները հայտարարեցին ցանկացած պայմաններում քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին և այն ճանաչեցին միջազգային անվտանգության սպառնալիք։ Սահմանված սահմանափակումները գործում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 16-ը և կարող են երկարաձգվել կամ ընդլայնվել։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...