Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Ադրբեջանի մաս, դա իր ընտրությունն է. ռուս քաղաքագետ
Ռուսաստանցի թյուրքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը Երևանում անցկացվող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգություն․ Հայաստանի ընտրությունը» միջազգային գիտական-փորձագիտական համաժողովի շրջանակում մեկնաբանել է ադրբեջանական էներգակիրներով հայկական շուկան հեղեղելու հնարավորության հարցը։
«Այստեղ կա երկու հանգամանք․ եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Ադրբեջանի մաս, ապա, հավանաբար, դա Հայաստանի ընտրությունն է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Սա հայ ժողովրդի և Հայաստանի ընտրությունն է։ Սակայն այստեղ կան ռիսկեր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհառազմավարական, ուժերի հավասարակշռության և տարածաշրջանում փոխգործակցության փոփոխության առումով»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի թյուրքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը։
Ռուսաստանցի փորձագետի դիտարկմամբ՝ առկա են նաև տնտեսական բնույթի ռիսկեր, քանի որ ակնհայտ է թուրքական տնտեսության՝ շատ բարդ իրավիճակում գտնվելու փաստը։
«Սակայն, միևնույն ժամանակ, թուրքական տնտեսությունը շատ ավելի մեծ է, քան հայկական տնտեսությունը, և ունի անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ։ Այս առումով Հայաստանի տնտեսության տեսանկյունից սահմանը բացելու և առհասարակ հաղորդակցությունների դեպքում ռիսկերը շատ մեծ են։
Բացի այդ, ըստ Ավատկովի, առկա է նաև պայմանագրային պարտավորությունների հարցը։
«Նույն Վրաստանը, որը նավթամթերք է ստանում Ադրբեջանից, դրանք ստանում է բավական վաղուց կնքված պայմանագրային պարտավորությունների շրջանակում․ երբ կար համապատասխան հնարավորություն, կառուցվեց Բաքվից Թուրքիա՝ Թբիլիսիով անցնող գազատարը։ Եվ դրա շրջանակում, իհարկե, Վրաստանը կարող էր և ստանում է համապատասխան ռեսուրսները այդ նավթատարով։ Ավելին, բենզինն էլ է գալիս Ադրբեջանից, և այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Սակայն դա ամբողջությամբ և լիովին փոխարինել չհաջողվեց, և դա Վրաստանի համար այնքան էլ շահավետ չէ՝ համեմատած նախկին իրավիճակի հետ, երբ Ռուսաստանն ու Վրաստանը լավ հարաբերություններ ունեին, և Ռուսաստանը մեր վրացի գործընկերներին էներգակիրներ էր մատակարարում շատ ավելի ցածր գնով», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...