Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հերքում են մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե Երևանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է կամ ապրիլի 3-ին հրապարակված տարբերակը վատթարացել է։
Վերջին օրերին տարածվող տեղեկությունները, թե մայրաքաղաքում ջրամատակարարման գրաֆիկը խախտվել է, իսկ ապրիլի 3-ի ժամանակացույցը փոփոխվել ու վատացել է, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին պաշտոնապես հայտարարում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ու ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն։
Հիշեցվում է, որ ընկերության կողմից 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին ներկայացված ժամանակացույցերի համաձայն՝ 2026 թվականի մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի բազմաթիվ բաժանորդների համար ջրի մատակարարումը պետք է կրճատվեր մինչև օրական 17 ժամ։
«Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել և լավարկել էին հրապարակված ժամանակացույցը՝ ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր գործադրել հետևյալ երկու ուղղություններով.
Երևան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ, նոր ջրաղբյուրների հայտնաբերում և նոր ջրածավալների տեղափոխում քաղաք Երևան։
Արդյունքում, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչև մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը և Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։
Մասնավորապես, ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երևանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև մի շարք մարզերում։
Ի լրումն, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երևան տեղափոխման ուղղությամբ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը. մասնավորապես, Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։
Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։
Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների լիցքավորումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և ջրամատակարարման վերաբերյալ տեղեկություններ ստանալ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական հաղորդագրություններից»,- ասվում է հաղորդագրությունում։