ՔՊ-ն հանգիստ ձևավորում է իշխանությունը. Գալյանը բացատրեց՝ ինչու
Որևէ ուժի ներկայացրած փաստարկներում ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից առաջադրված փաստարկները գրեթե նույնական են, և նրանց որոշակիորեն միանում է նաև «Միասնության թևերը»: Ինչ վերաբերում է մյուս երկու ուժերին՝ «Հանուն Հանրապետության» և «ԴՕԿ» կուսակցություններին, ապա նրանց ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են վերը հիշատակված մյուս ուժերի տվյալներից։
Նախարարը նշել է, որ ընտրությունների անվավերության հանգեցնող հիմքեր ընդհանրապես առկա չեն որևէ մեկի ներկայացրած փաստարկներում։ Նրա ձևակերպմամբ՝ «մեր կարծիքն այն է, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից և արժանանան քրեական ամենախիստ պատասխանատվության»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք բնականոն է, որ ՍԴ-ում դեռևս շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննարկումը, մինչդեռ ՔՊ-ն արդեն կազմավորում է ԱԺ-ն ու պատրաստվում Կառավարության կազմավորմանը, Գալյանն ընդգծել է, որ քանի դեռ ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվել, դրանք վավերական են։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացները նա անվանել է ժողովրդավարության հերթական դրսևորում։ Գալյանը հավելել է, որ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում, այսինքն՝ վարչության անդամներն իրականացնում են ընտրության պրոցես, ինչը միանգամայն նորմալ է: