Նիկոլ Փաշինյանը Հրազդանում մասնակցել է էկոպարեկային ծառայության գործունեության մեկնարկին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատանքների սկզբնավորման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարզային պաշտոնյաներ ու այլ հրավիրյալներ:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ներկաներին Էկոպարեկային ծառայության Հրազդանի և Գեղարքունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման գործունեության սկզբի կապակցությամբ։ Կառավարության ղեկավարը մատնանշել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն իսկ գործում է չորս մարզերում, ինչը համարվում է կարևոր իրադարձություն և տեղաշարժ։
Վարչապետի ձևակերպմամբ՝ սա արտացոլում է երկրի ռազմավարական մոտեցումը, ըստ որի՝ անհրաժեշտ է առավել ուշադիր ու հոգատար լինել բնության և շրջակա միջավայրի հանդեպ։ «Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք», - հայտարարել է երկրի ղեկավարը՝ շեշտելով, որ բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա։
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ բարդ ու ճգնաժամային ժամանակաշրջաններում բնությունն ու անտառները ունեցել են կենսական նշանակություն և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանն ու մեր ժողովրդին․ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին։ Ուզում եմ նաև, այո՛, հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովի և ընդհանրապես COP 17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում այն պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը»։
Եզրափակելով խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է հերթական ստորաբաժանման կառույցի աշխատանքային գործունեության սկզբի կապակցությամբ․ «Ցանկացած պետական ծառայության մեջ նաև նոր գործարկվող ծառայություններում, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի մեր ծառայողների բարեվարքությունը։ Սա պետք է մշտապես լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև նոր տեխնիկա, նոր ավտոմեքենաներ, նոր խնդիրներ, նոր բովանդակություն, դա մեզ համար նշանակում է նաև ծառայության նոր հոգեբանություն, ծառայության նոր մոտեցում և նոր գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչի համար»։
Նիկոլ Փաշինյանը էկոպարեկներին մաղթել է հաջողակ ծառայություն և հույս հայտնել, որ այն կիրականացվի բարձր պրոֆեսիոնալիզմով ու բարեվարքությամբ՝ կանխելով հնարավոր իրավախախտումները։
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:
Դրանից հետո ՀՀ վարչապետը շրջայց է կատարել էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Տեղեկացվել է, որ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատանքների սկզբնավորմամբ շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով կիրականացվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանությունը, ինչպես նաև այդ վայրերում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը: Հայտնվել է նաև, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն անցկացված մրցույթի արդյունքներով պաշտոնների է նշանակվել 127 էկոպարեկային ծառայող: Նիկոլ Փաշինյանը զննել է նաև տեխնիկապես կահավորված նոր ծառայողական ավտոմեքենաները: