Դպրոցը կլուծարվի, կտեղափոխվի մեկ այլ գյուղ․ ՀԱԿ-ը հայտարարություն ունի
Գյուղական դպրոցի փակումը ոչ միայն ամենածանր հարվածը կհասցնի կրթական համակարգին, այլև կդառնա արտագաղթի նոր ալիքի ուղղակի խթան, որի հետևանքով Շիրակի մարզի Գուսանագյուղը պարզապես կկործանվի և ամբողջությամբ կդատարկվի։ Այս մասին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նա նշել է, որ դպրոցում այժմ սովորում է 92 աշակերտ, աշխատում է շուրջ 30 աշխատակից, սակայն իշխանությունների որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից այս գեղեցիկ և բարեկարգ կառույցը կլուծարվի։
Մանուկյանի խոսքով՝ նախատեսվում է երեխաներին ուսման տանել մեկ այլ գյուղ, որն ամենևին մեծ չէ այս գյուղից, ինչի պատճառով դպրոցականները ստիպված կլինեն ամեն օր 6 կիլոմետր ճանապարհ գնալ ու գալ։ ՀԱԿ փոխնախագահն ընդգծել է, որ Գուսանագյուղը ավելի քան 1000 բնակիչ ունեցող խոշոր գյուղ է, որը գտնվում է ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա և պետական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Արամ Մանուկյանը խորին մտահոգություն է հայտնել, որ նման ռազմավարական նշանակություն ունեցող վայրում կրթօջախի լուծարումը կհանգեցնի բնակչության անդառնալի արտահոսքի։
Նա շեշտել է, որ առանց դպրոցի սահմանամերձ համայնքում կյանքը կկանգնի, իսկ գյուղն ինքնին դատապարտված կլինի աստիճանական անհետացման։ Մանուկյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը կանի հնարավոր ամեն ինչ՝ իշխանությունների այս կործանարար ծրագրերը տապալելու համար։ Նա ընդգծել է, որ իրենց թիմի գլխավոր նպատակներից մեկը տարածաշրջանային ենթակառուցվածքների պաշտպանությունն ու հայկական գյուղերը քայքայումից փրկելն է։
«Մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ գործող իշխանությունների այս կործանարար կուրսը կանգնեցնելու, դպրոցների փակումը դադարեցնելու և մեր գյուղերի վերջնական ամայացումը կանխելու համար»,- եզրափակել է Արամ Մանուկյանը։