100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին անգամ հանրությանը ներկայացված հայտնագործությունների թվում էին քաղաքի արևմտյան ափին գտնվող երկու վերականգնված հին դամբարաններ, որոնք գտնվում էին հին Թեբեի տեղում։ Դրանք թվագրվում են Նոր Թագավորությանը։
Թութանհամոնի դամբարանի պատերի սվաղված երեսպատումները պատկերում են առօրյա կյանքի և հուղարկավորության ծեսերի տեսարաններ։ Լուքսորի հնությունների վարչության գլխավոր տնօրեն Աբդելգաֆար Վագդիի խոսքով՝ նոր գտածոն եզակի արտեֆակտ է, քանի որ փարավոնների դամբարանների մեծ մասը թալանվել է։
«Հետևաբար, սա եզակի արտեֆակտ է՝ միակը, որը ներկայումս հանրային ցուցադրության է հանված Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումից ավելի քան 100 տարի անց», - ասել է նա Լուքսորում ցուցահանդեսի բացման ժամանակ։
Հանրությանը ցուցադրված գիպսե պատի վահանակի մի հատված օգտագործվել է փարավոնի դամբարանի մուտքը պաշտպանելու համար: Այն պարունակում է հուղարկավորության ծեսերը և փարավոնի իշխանության խորհրդանիշներն արտացոլող պատկերներ: Վագդիի խոսքով՝ պատի վրա հայտնաբերվել են Թութանհամոնի կնիքները, ինչպես նաև դամբարանի պահակների կնիքները, որոնց խնդիրն էր դամբարանը պաշտպանել թալանից:
Թութանհամոնի դամբարանի սկզբնական գիպսե ծածկույթը համարվում է փարավոնի դամբարանի ամենանշանակալի տարրերից մեկը։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի կողմից 1922 թվականին։ Դամբարանում հայտնաբերվել են լավ պահպանված կենցաղային իրեր, զարդեր և այլ առարկաներ, որոնք նախատեսված էին փարավոնին հանդերձյալ կյանք ուղեկցելու համար։
2015 թվականին հայտնաբերվել են ևս երկու դամբարաններ, որոնք ցուցադրվել են հանրությանը։ Դամբարանները թվագրվում են փարավոններ Թութմոս III-ի և Թութմոս IV-ի գահակալության ժամանակաշրջանին։ Ներքին հարդարանքում պատկերված են գյուղատնտեսության, բերքահավաքի, արհեստների, հաց թխելու, կավագործության և գինեգործության տեսարաններ։