Հայաստանը հայտարարում է՝ հնարավոր է սահմանների բացումը․ Խանդանյան
Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։
Այս մասին Restart քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «ԹՐԻՓՓ նախագծի ընձեռած հնարավորությունների մասին» թեմայով ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Խոսելով Հայաստանում այլ երկրների ռազմական ներկայության մասին՝ Խանդանյանը ընդգծել է, որ ՀՀ-ն շահագրգռված չէ իր տարածքում այլ պետությունների ռազմական ուժերի տեղակայմամբ։
«Ընդհակառակը, Հայաստանը՝ հատկապես սահմանների երկայնքով, իր ամբողջ անվտանգային պաշտպանական ռազմավարության զարգացման տեսլականը սեփական ուժերի վրա է հիմնել»,- ասել է նա։
Անդրադառնալով հարցին, թե մինչև խորհրդարանական ընտրությունները հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի ստորագրում, պատգամավորը պատասխանել է. «Մի ամսից կլինի մեկ տարի, ինչ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դրված է սեղանին և նախաստորագրված է, ուստի մենք ցանկանում ենք դա անել որքան հնարավոր է շուտ՝ ինչու ոչ, ընտրություններից առաջ: Հայաստանը պատրաստակամ է ու իր համաձայնությունը տվել է այդ տեքստին, մնացածը Ադրբեջանից է կախված, սա այն հարցերից մեկն է, որտեղ Հայաստանը 100%-ով պատրաստակամ է»։





























