Գերմանիան կոչ է անում Ֆրանսիային ավելացնել պաշտպանական ծախսերը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը կոչ է արել Ֆրանսիային մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հայտարարելով, որ ներկայիս մակարդակը բավարար չէ եվրոպական ինքնիշխանության նպատակին հասնելու համար։ Նա այս մասին խոսել է Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։


Վադեֆուլը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս բարձրաձայնել է եվրոպական ինքնիշխանության անհրաժեշտության մասին, սակայն այդ դիրքորոշումը, նրա խոսքով, պետք է ուղեկցվի համապատասխան քայլերով նաև ազգային մակարդակում։ Գերմանացի նախարարի գնահատմամբ՝ Ֆրանսիայի ձեռնարկած միջոցառումները դեռևս բավարար չեն։


Միևնույն ժամանակ, Բունդեսթագը 2025 թվականի նոյեմբերին հաստատել է 2026 թվականի պաշտպանական բյուջեի աճը՝ այն հասցնելով շուրջ 108 միլիարդ եվրոյի։ Սա Գերմանիայի պաշտպանության ոլորտի ամենաբարձր ցուցանիշն է Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Նախատեսվում է, որ միջոցների հիմնական մասը կուղղվի ռազմական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերմանը, այդ թվում՝ վարկային միջոցների հաշվին։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել էր եվրոպական երկրներին ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանության ոլորտում ցածր ներդրումների համար՝ կոչ անելով ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը առայժմ չի նախատեսում կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։

Քաղաքականություն