Իրանը հաղթանակ կտանի ԱՄՆ-ի հարձակման դեպքում. Աֆղանստանի առաջնորդի խոսնակ
Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Իսլամական Հանրապետությունը հաղթանակ կտանի, հայտարարել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
«Նախևառաջ, մենք պատերազմների և հակամարտությունների կողմնակից չենք։ Բայց... վերջին անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարձակման ենթարկվեց, արդյունքը Իրանի հաղթանակն էր։ Եվ կարծում եմ, որ նույնը կպատահի նաև այս անգամ։ Որովհետև Իրանն ունի իշխանություն։ Իրանը ճիշտ է և ունի ինքնապաշտպանության իրավունք», - Մուջահիդի խոսքերն է մեջբերում աֆղանական AVA-press լրատվական գործակալությունը։
Խոսնակի խոսքով՝ աֆղանցիները պատրաստ են իրենց ողջ կարողությունների չափով համերաշխություն և համագործակցություն ցուցաբերել Իրանի ժողովրդի հետ, եթե ռազմական դժվարություններ առաջանան և եթե նրանցից դա խնդրեն։
«Եթե մենք որևէ խնդրանք ստանանք, աֆղանցիները պատրաստ են իրենց ողջ կարողությունների չափով համերաշխություն և համագործակցություն ցուցաբերել Իրանի ժողովրդի հետ ռազմական դժվարությունների դեպքում։ Մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև պատերազմ չի լինի», - ասել է Մուջահիդը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է երեքշաբթի օրը Ժնևում: Իրանի իշխանությունները զգուշացրել են, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի վճռական և ցավոտ պատասխանի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի բանակցել «արդար և հավասար» գործարքի շուրջ, որը ներառում է միջուկային զենքի լիակատար վերացումը: Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակներում՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումն ավելի վատ կլինի» և կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»։





























