Կիևին անհրաժեշտ են 30-50 տարվա անվտանգության երաշխիքներ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացել է 15 տարվա առաջարկ անվտանգության երաշխիքների համար, սակայն Ուկրաինան ցանկանում է 30-50 տարի։


«Մենք հենց նոր հանդիպում ունեցանք ներդրողների հետ, և նրանց անհրաժեշտ են ավելի երկարաժամկետ երաշխիքներ, քան հինգ կամ տասը տարի... Մենք ունենք 15 տարվա առաջարկ ամերիկյան կողմից... Մենք ցանկանում ենք 20+ տարի, 30-50 տարի։ Կտեսնենք, թե ինչի հետ կհամաձայնվեն վարչակազմը և Կոնգրեսը», - ասել է Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։


Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները ներկայումս ենթադրում են ոչ թե համաեվրոպական անվտանգություն, այլ Ռուսաստանի դեմ հակամարտության շարունակություն։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի ապրիլին Ստամբուլում ուկրաինացիների հետ բանակցությունների ժամանակ անվտանգության երաշխիքները կենտրոնական դեր են խաղացել։ Սա հարմար էր Մոսկվային, քանի որ իսկապես կապված էր անվտանգության երաշխիքների կոլեկտիվ ձևաչափի հետ, բացատրել է Լավրովը՝ նշելով, որ այսօր այս ամենը «խաչ է քաշվել»։

Քաղաքականություն