Նոր նախագիծ՝ անհայտ կորածների որոնման և ընտանիքների աջակցության համար․Գալյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը։


Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ներկայումս ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց հետ կապված իրավահարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն։ Նրա խոսքով՝ տվյալ անձանց շրջանակին առնչվող մի շարք առանցքային հարցեր բաց են մնացել, իսկ որոշ հարցեր, թեև ստացել են որոշակի կարգավորումներ տարբեր իրավական ակտերում, սակայն դրանք թերի են և չխմբավորված։


Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակից ելնելով անհրաժեշտ է ընդունել առանձին շրջանակային օրենք, որը կապահովի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը։ Նա ներկայացրել է նախագծի հիմնական կարգավորումները՝ նշելով, որ օրենքով սահմանվելու է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ։


Սրբուհի Գալյանի պարզաբանմամբ՝ անհայտ կորած անձ են համարվելու զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձինք, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականները, որոնք անհետացել են ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների, ծառայողական պարտականությունների կատարման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։


Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը կամ մասունքները ստանալու իրավունքները։


Նշվել է, որ անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել հստակ օրենսդրական կարգավորումներ՝ տարբեր իրավական ակտերում հպանցիկ կարգավորում ստացած հարցերը կանոնակարգելով օրենքով՝ համակարգված և որոշակի ձևաչափով։ Նախագծով ամրագրվում է նաև անհայտ կորած անձի իրավական սահմանումը՝ հաշվի առնելով, որ այն ներկայումս ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ։


Ընդգծվել է նաև, որ ներկայումս բացակայում է ռազմական գործողությունների կամ զինված հակամարտությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազան, ինչպես նաև պետական մարմինների և մասնավոր անձանց միջև տեղեկատվության փոխանակման հստակ մեխանիզմները։ Նախագծի նպատակներից է ձևավորել էլեկտրոնային տվյալների միասնական բազա, որը կպարունակի տեղեկություններ անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռների առկայության կամ բացակայության մասին։


Նախագծով նախատեսվում են նաև դրույթներ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների, վնասի հատուցման և աջակցության գումարների տրամադրման իրավունքի վերաբերյալ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված կարգով։ Սահմանվում են նաև անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող կարգավորումները, հետախուզման դադարեցման դեպքերը, լիազոր մարմինը, միասնական ռեեստրի վարման, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակները։


Հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է նաև կերակրողին կորցնելու դեպքում անհայտ կորած անձի ընտանիքի անդամների կենսաթոշակի և նպաստի իրավունքը, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման իրավական հիմքերի սահմանումը։ Նախագծերի նպատակն է կարգավորել անհայտ կորած անձանց իրավական վիճակը և ապահովել նրանց ու նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը։

Քաղաքականություն