Հայտնի են ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամկետները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2026-ի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: ԿԸՀ-ից հայտնում են, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը:
Նշվում է նաև, որ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով պետք է դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, ժամը 18:00-ն:
Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ տրամադրվում են մինչև մայիսի 3-ը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև փետրվարի 17-ը:
Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման վերաբերյալ դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են փետրվարի 7-ից մինչև մայիսի 28-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դիտորդների հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԿԸՀ են ներկայացվում փետրվարի 7-ից մինչև մայիսի 3-ը:
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
Հավելենք՝ ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է ԿԸՀ կայքում:





























