Անընդունելի է․ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից․ ԱԳ նախարար
Իրանը չի պատրաստվում հրաժարվել ուրանի հարստացումից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում հնչեցված պահանջներին։
Նրա խոսքով՝ նախկինում Վաշինգտոնը պնդել է, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացման գործընթացը, սակայն այդ մոտեցումը Իրանի համար եղել է անընդունելի։ Արաղչին նշել է, որ վերջին հանդիպման ընթացքում իրանական կողմը հստակ և վճռական կերպով ներկայացրել է երկրի դիրքորոշումը։
ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ ուրանի հարստացման տեխնոլոգիան Իրանի ներսում ստեղծված գիտական ձեռքբերում է, որը ձևավորվել է իրանցի մասնագետների երկարամյա աշխատանքի արդյունքում։ Նրա խոսքով՝ դա ներմուծված արտադրանք չէ, որից հնարավոր լինի պարզապես հրաժարվել և հետագայում կրկին կախվածություն ունենալ արտաքին աղբյուրներից։
Արաղչին ընդգծել է, որ միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվել են իրանցի գիտնականներ և քաղաքացիներ, սակայն, չնայած կորուստներին, Իրանը շարունակել է իր գործունեությունը։ Նրա խոսքով՝ խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման և ուրանի հարստացման իրավունքը դարձել է երկրի սկզբունքային հարց, որից Թեհրանը չի հրաժարվի։





























