Թոշակների ու նպաստների հետվճարով վերադարձվել է 33,3 մլրդ դրամ․ Թորոսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը խոսել է նաև անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2026թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջոցառումից օգտվում է 400 572 անձ։ Անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 մլրդ դրամ․ հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ։
Շարունակվում է նաև Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որից օգտվել է 8,165 անձ․ լիովին մարվել է 1,559 վարկ, վարկերի մարմանն ուղղվել է 1.3 մլրդ դրամ։
Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսաապահովմանն ուղղված ծրագրերը ևս պետության ուշադրության կենտրոնում են։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44,414 անձի տրամադրվել է 40,000 դրամ աջակցություն (աջակցությունը շարունակվում է 30,000 դրամ յուրաքանչյուր անձի հաշվով)։ Կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ևս աջակցություն է ստացել 6,168 ընտանիք։ Պետական բյուջեից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին ուղղվել է 7.1 մլրդ դրամ՝ 4167 շահառուի աջակցություն տրամադրելու համար։ 2025 թ․ ընթացքում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3697-ը։ Տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2026 թ․ փետրվարի 1–ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց թիվը 4404 է, որից 1932-ն իրացրել է հավաստագիրը։ Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ Տեղահանված անձանց համար ուսուցման և աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության տրամադրման ծրագրից 2025 թ․օգտվել է 952 անձ (նախատեսվածի 95.2 %):





























