Սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ. Վահե Հովհաննիսյան
«Մենք տեսնում ենք շուկայի դրական զարգացումներ ոչ միայն միջազգային շուկաներում, այլև Հայաստանում: Օրինակ՝ եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9,6 տոկոս տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդից այդ նույն տոկոսադրույքը եղել է 8,09»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսելով նրա մասին, որ սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ, այսինքն՝ այն, ինչ գրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ:
«Սա շատ դրական փոփոխություն է, որը, իհարկե, մի կողմից պայմանավորված է բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները, և իրենք մասնակցում են մեր տեղական աճուրդներին՝ դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա:
Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել եմ, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու ուղղությամբ, և սա, ըստ էության, այս պահի դրությամբ տեղի է ունենում: Այդ պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը 7 տոկոսից ավելին է, եթե նախկինում դա 1 տոկոսից նույնիսկ ցածր էր»,- ասել է նա:





























